Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է արգելափակել այն սոցցանցերը, որոնք իշխանությունների պահանջով չեն հեռացնի ապստամբության և բռնության կոչեր պարունակող գրառումները։ Այս մասին գրում է «Le Figaro» պարբերականը՝ վկայակոչելով անկարգությունների դեմ պայքարի մասին օրինագծում արված փոփոխությունը, որն արդեն ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը։
Նախաձեռնության համաձայն՝ ինտերնետային հարթակները պարտավոր կլինեն առավելագույնը մեկ ժամվա ընթացքում հեռացնել ահաբեկչության, ապստամբության կամ պետության ու բնակչության առանձին խմբերի դեմ զինված պայքարի կոչեր պարունակող նյութերը։ Այս պահանջը չկատարելու դեպքում իշխանությունները կկարողանան հասնել սոցիալական ցանցերի արգելափակմանը կամ պահանջել, որ դրանք հեռացվեն որոնողական համակարգերի արդյունքներից։
Նոր փոփոխությունը նախատեսում է նաև ընդլայնել համացանցում հակաօրինական բովանդակության բացահայտմամբ զբաղվող «Pharos» պետական հարթակի լիազորությունները։ Սոցցանցերին առաջարկվում է 24 ժամ տրամադրել սպանությունների, բռնության, գողությունների և գույքի ոչնչացման կոչեր պարունակող հրապարակումները հեռացնելու համար։
Նախաձեռնությունը պատրաստվել է հոկտեմբերի 17-ի բողոքի ակցիաներն ուղեկցած զանգվածային անկարգություններից հետո։ Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ սոցիալական ցանցերն օգտագործվել են գործողությունները համակարգելու և հարձակումների ու թալանի վայրերում մասնակիցներ հավաքելու համար։





























