Ռուս զինվորականները հոկտեմբերի 26-ի ուշ երեկոյան և 27-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարձակվել են Կիևի վրա, հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա տվյալներով՝ գնդակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 10-ը տուժել են։ Տուժածների մեծ մասը Դեսնյանսկի շրջանում գտնվող հանրակացարանի ուսանողներ են։ Զոհվածի մարմինը փրկարարները հայտնաբերել են Դնեպրովսկի շրջանում ավերված ոչ բնակելի շենքում, ճշտել են Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում (ԱԻՊԾ)։
Ռուսական հարձակման թիրախների թվում հերթական անգամ հայտնվել է Կիևում Դնեպրի վրայով անցնող առանցքային կամուրջներից մեկը՝ Հարավային կամուրջը։ Անցումն ու դրա վրա գտնվող մետրոպոլիտենի ենթակառուցվածքները վնասվել են, հայտնել են Կիևի քաղաքային պետական վարչակազմում։ Կամրջով երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է, ինչպես նաև սահմանափակվել է մետրոպոլիտենի կարմիր և կանաչ գծերի աշխատանքը։ Մինչ այդ Հարավային կամուրջը բազմիցս ենթարկվել էր ռուսական հարվածների։ Վերջին անգամ դա տեղի էր ունեցել հոկտեմբերի 22-ին։ ՌԴ ՊՆ-ում հաստատել էին հարձակումները՝ դա բացատրելով նրանով, թե իբր Կիևի այդ անցումը ապահովում է «զորքերի տեղափոխումն ու ռազմական բեռների լոգիստիկ մատակարարումները Դոնբասում ԶՈւԿ խմբավորումների շահերի համար»։
Բացի այդ, նախորդ օրը երեկոյան ռուս զինվորականները համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով հարվածել են Խարկովի Նովոբավարի շրջանին։ Գնդակոծության հետևանքով վնասվել են առանձնատներ և բազմահարկ բնակելի շենքեր, մանկական ուսումնական հաստատություն, մասնավոր ձեռնարկությունների շենքեր և տրանսպորտային միջոցներ։ Երկու մարդ զոհվել է, ևս չորսը վիրավորվել են, հայտնել են ԱԻՊԾ-ում։





























