ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ձգտում են ընդլայնել Սև ծովում ունեցած ռազմական ներկայությունը, սակայն Անկարան մտադիր չէ հրաժարվել Մոնտրյոյի կոնվենցիայով նախատեսված սահմանափակումներից։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է իշխանամետ «Yeni Şafak» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Միևնույն ժամանակ, Անկարան սատարում է Բուլղարիայի և Ռումինիայի անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերը, սակայն դեմ է Սև ծովում ոչ սևծովյան պետությունների լրացուցիչ ռազմածովային ուժերի ի հայտ գալուն»,— նշում է լրատվամիջոցը։
Թերթն ընդգծում է, որ Թուրքիան հավատարիմ է այն սկզբունքին, ըստ որի՝ Սև ծովի անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովեն ափամերձ երկրները։
«ԱՄՆ-ն և Ֆրանսիան արդեն տևական ժամանակ փորձում են ընդլայնել տարածաշրջանում իրենց ներկայությունը, սակայն Անկարան ընդդիմանում է այդ ծրագրերին և առաջնորդվում է Մոնտրյոյի կոնվենցիայով, որը կարգավորում է ռազմանավերի անցումը թուրքական նեղուցներով»,— շեշտում է պարբերականը։
Ինչպես նշում է թերթը, Ուկրաինայի շուրջ հակամարտության խորացմանը և առևտրային նավագնացության սպառնալիքների մեծացմանը զուգընթաց՝ Սև ծովում ռազմական ներկայության հարցը կրկին օրակարգ է գալու։
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Թուրքիան գործարկեց Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթներն ու փակեց նեղուցները ռազմանավերի համար։ Երկրի պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ կոնվենցիայի կիրառումը նպաստել է տարածաշրջանում կայունության պահպանմանը։





























