Իրանում ուրանը հարստացրել են մինչեւ 27 տոկոս տեխնիկական անսարքության պատճառով: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն:

ԱԷՄԳ-ի տեսուչները դրանից մեկ օր առաջ հայտարարել էին ստորգետնյա իրանական ձեռնարկությունում մինչեւ 27 տոկոս հարստացված ուրանի հետքի մասին, ինչը զգալիոներն բարձր է Թեհրանի կողմից հայտարարված մակարդակից:

«Դա տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով»,-ասել է Սոլթանիեն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ AP-ի աղբյուրը հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ, «Ֆորդու» ձեռնարկությունում, որտեղ պաշտոնապես տեղի են ունենում ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացման աշխատանքներ, կարող էր տեխնիկական սխալ լինել:

Իրանում ուրանի հարստացման խնդիրը հիմնականներից մեկն է Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցնյակի» միջեւ բանակցություններում, որոնք տեղի են ունենում Բաղդադում:

ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնի խոսքով, բանակցությունների ժամանակ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացման գործընթացը դադարեցնելու հարցը եւ ներկայացրել 5 կետից բաղկացած իր պլանը: