Ուկրաինան եվրոպացի դաշնակիցներից խնդրել է իրենց պահեստներում եղած «Patriot» և «IRIS-T» ՀՕՊ համակարգերի հակահրթիռների 10%-ը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Եվգենի Խմարան։ Խնդրանքն ուղղվել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Իտալիային ու Լեհաստանին։ «Քանի որ Ուկրաինան արդեն ունի նոր հրթիռների մատակարարման կնքված պայմանագրեր, մենք գործընկերներին փոխանակում ենք առաջարկում՝ հիմա տրամադրել իրենց ունեցած պաշարների մի մասը, իսկ մենք այն կվերադարձնենք ավելի ուշ՝ երբ ստանանք մեր պատվիրած խմբաքանակները»,— պարզաբանել է Խմարան։
Նախարարի խոսքով՝ ուկրաինական բանակը նաև դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խիստ կարիք ունի։ «Ուկրաինան ակնկալում է թե՛ նոր գնումների ֆինանսավորում, թե՛ գործընկերների պաշարներից համակարգերի փոխանցում»։ Խմարան նաև հավելել է, որ ֆինանսների ժամանակին տրամադրման դեպքում 2027-ին երկիրը կարող է կրկնապատկել անօդաչուների թողարկումը. «Մենք առաջարկում ենք ոչ միայն ավելացնել գնումները, այլև այլ երկրներում ծավալել ուկրաինական դրոնների համատեղ արտադրություն»։ Ըստ նրա՝ դա և՛ Ուկրաինային կապահովի բավարար քանակի ԱԹՍ-ներով, և՛ կուժեղացնի գործընկերների սեփական պաշտպանությունը։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն էլ Փարիզում բրիտանացի, ֆրանսիացի, իտալացի և լեհ գործընկերների հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ արդեն պատրաստել են Ուկրաինային հատկացվելիք ձմեռային աջակցության փաթեթները։ «Բացի այդ, մենք ամեն ինչ կանենք, որ ԱՄՆ-ն ևս շարունակի օգնել Կիևին՝ մատակարարումներով, ինչպես նաև՝ հետախուզական տվյալներով ու արբանյակային տեղեկատվությամբ»,— ընդգծել է Պիստորիուսը՝ հավելելով, որ եվրոպական երկրները Կիևի հետ աշխատում են ՀՕՊ համակարգի ձևավորման վրա։
Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Զելենսկին ահազանգել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է ուժգնացնել խոշոր քաղաքների ռմբակոծությունները։ Իսկ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները «The Economist»-ին փոխանցել էին, որ Մոսկվայի նպատակն է մինչև ցրտերի ընկնելը կաթվածահար անել Կիևն ու դրանով ապակայունացնել քաղաքական վիճակը։ Նրանց խոսքով՝ Վլադիմիր Պուտինը կարգադրել է հարվածել մայրաքաղաքի բոլոր քաղաքացիական օբյեկտներին։
Միաժամանակ, «Financial Times»-ի աղբյուրները նշում են, որ Մոսկվան փորձում է մեծացնել Կիևի վրա ճնշումը, որպեսզի վերջինս 2027 թվականի սկզբին զիջումների գնա իր պահանջներին, այդ թվում՝ Դոնբասի տարածքները հանձնելու հարցում։





























