Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենը Հայաստան կատարած այցի շրջանակում կայցելի ծաղկի ջերմոցային տնտեսություն։ Այս մասին հայտնի է դարձել Երևանում Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի հանդիպման ժամանակ։

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը բարձր գնահատեց երկկողմ գործակցությունը՝ նշելով, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ակտիվ է ու արդյունավետ։ Ըստ նրա՝ տնտեսական կապերը ևս քայլ առ քայլ ընդլայնվում են, թվերն աճում են, սակայն դեռևս չօգտագործված մեծ ներուժ կա։ Որպես համատեղ աշխատանքի ուղղություններ՝ Միրզոյանն առանձնացրեց գյուղատնտեսությունը, ծաղկաբուծությունը, առողջապահությունն ու ենթակառուցվածքները։ Հենց այս շրջանակում էլ նիդերլանդցի հյուրն այսօր կայցելի ջերմոց, որտեղ ծաղիկներ են աճեցնում հոլանդական տեխնոլոգիաներով։

Նախարարը հիշատակեց նաև մի քանի հաջողված նախաձեռնություններ, ինչպիսիք են չրերի ու ընկուզեղենի արտադրության ծրագիրը, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ցուցաբերվող օգնությունը և այլն։ Նա չմոռացավ նշել նաև ժողովրդավարական բարեփոխումների կայացման հարցում Նիդերլանդների աջակցությունը։ Միրզոյանի խոսքով՝ այսօրվա քննարկումների հիմնական թեմաներն են եղել Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Հարավային Կովկասի զարգացումները, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու Թուրքիայի հետ երկխոսությունը։

Թոմ Բերենդսենն իր հերթին ընդգծեց, որ Նիդերլանդները մեծապես կարևորում է տասնամյակների պատմություն ունեցող սերտ գործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է ամրապնդվել՝ հատկապես անցյալ տարի ստորագրված ռազմավարական համագործակցության հռչակագրով։ Նա անդրադարձավ Ռուսաստանի կիրառած սահմանափակումների պատճառով հայ արտադրողների մոտ առաջացած դժվարություններին և ողջունեց Հայաստանին աջակցելու ԵՄ նոր գործիքակազմը՝ հույս հայտնելով, որ հայկական կողմը կկարողանա այն արդյունավետ կիրառել։

Նիդերլանդները պատրաստ է ակտիվ գործընկերության. հենց այդ նպատակով էլ նախարարն այսօր գնալու է ջերմոց՝ տեղում հասկանալու, թե ինչ խնդիրների են բախվում հայ արտադրողները։ Ընդհանուր առմամբ, Նիդերլանդները Հայաստանից միայն ծաղիկներ չէ, որ ակնկալում է. նրանք ձգտելու են ընդլայնել հայկական ապրանքների տեսականին Եվրոպայում, իսկ Ներմուծման խթանման նիդերլանդական կենտրոնը (CBI) կշարունակի աշխատել Հայաստանում առնվազն մինչև 2028 թվականը։

Երկխոսությունը շարունակելու նպատակով Բերենդսենը Միրզոյանին հրավիրեց Նիդերլանդներ, ինչին ի պատասխան՝ հայ նախարարը վստահեցրեց, որ պատասխան այցն իրեն երկար սպասեցնել չի տա։