Հայաստանում և, մասնավորապես, Երևանում վերջին տարիներին ջրամատակարարման որակը լրջորեն վատացել է։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հայտարարեց «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա, մասնավորապես, նշեց, որ Երևանում կային թաղամասեր, որտեղ ջուրը մատակարարվում էր շուրջօրյա, մինչդեռ հիմա տարվա որոշակի ամիսներին ջրամատակարարումն իրականացվում է գրաֆիկով։ Բացի այդ, ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ վերջին ամիսներին հանրապետության մի քանի բնակավայրերում ջրից թունավորման դեպքեր են գրանցվել։
Աբրահամյանը հարցեր ուղղեց հիմնական զեկուցողին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Առնակ Ավետիսյանին. «Ո՞րն է ձեր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ։ Ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում իրականացնել առկա խնդիրները լուծելու ուղղությամբ, որպեսզի ծորակը բացելիս քաղաքացին չմտածի՝ հերթական անգամ ջուր խմելով կթունավորվի՞, թե՞ ոչ»։
Ի պատասխան՝ փոխնախարարը փորձեց հերքել Աբրահամյանի փաստարկները։ «Դժվար է պնդել, թե ջրամատակարարման որակը վատացել է։ Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է, որ հատկապես խմելու ջրի մասով, Երևանում և Գյումրիում իշխանությունները մտադիր են շուրջօրյա ջրամատակարարում ապահովել։ Այժմ մենք համագործակցում ենք օպերատորի հետ»,- ասաց Ավետիսյանը։
Ինչ վերաբերում է ջրից թունավորման դեպքերին, փոխնախարարը նշեց. «Անհրաժեշտ է սպասել համապատասխան ուսումնասիրությունների արդյունքներին ու եզրակացություններին»։
Ի պատասխան՝ Աբրահամյանը հայտարարեց, որ թունավորման որոշ դեպքեր գրանցվել են դեռևս կես տարի առաջ, ուստի մինչ օրս արդեն պետք է հստակ պատասխան տրված լիներ կատարվածի պատճառների վերաբերյալ։ «Դիտարկե՞լ եք արդյոք կառավարումը «Վեոլիա Ջուր» ընկերությունից հետ վերցնելու և այլ ընկերության հանձնելու հնարավորությունը»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Կառավարության ներկայացուցիչը պատասխանեց. «Կարող եք ծանոթանալ պայմանագրին, դրա ժամկետներին, կողմերի պարտավորություններին ու իրավունքներին։ Պայմանագրի շրջանակում մենք մշտապես գործի ենք դնում մեր ունեցած բոլոր հնարավորություններն ու ազդեցության լծակները։ Օպերատորի հետ ամենօրյա քննարկումներ են տարվում»։





























