Սուդանում քաղաքացիական հակամարտության պայմաններում սովի հետ կապված իրավիճակը շարունակում է արագորեն վատթարանալ, և ստեղծված դրությունն արդեն մոտ է աղետալիին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով ավագ խորհրդական Մասադ Բուլոսը։
«Սուդանում սովի մակարդակը սպառնալից է, և այն շարունակում է վատանալ։ Այս ամենը վկայում է հումանիտար զինադադարի հասնելու անհետաձգելի անհրաժեշտության մասին, որն առաջին քայլը կդառնա կայուն խաղաղության ճանապարհին»,— X-ի իր միկրոբլոգում գրել է Բուլոսը։
ԱՄՆ-ի տվյալներով՝ այսօր երկրի բնակչության արդեն 41 տոկոսը (19,5 մլն մարդ) պարենի սուր պակաս է զգում։ Թերսնումից տառապում է երկրի 14 շրջանների բնակչությունը։ Ներկայիս միտումների պահպանման դեպքում այդ շրջանների թիվը կարող է կրկնապատկվել։
ԱՄՆ-ն կոչ է արել հրատապ միջոցառումների փաթեթ գործարկել։ Խոսքը, մասնավորապես, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը դադարեցնելու և Սուդան մարդասիրական օգնություն հասցնելու գործողությունների ծավալներն ընդլայնելու մասին է։ ԱՄՆ-ի նախաձեռնությանն աջակցել են նաև ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան, Նորվեգիան ու Շվեյցարիան։
Սուդանում ներկայիս զինված հակամարտությունը բռնկվել է 2023 թվականի ապրիլին՝ երկրի Ինքնիշխան խորհրդի նախագահ, բանակի հրամանատար Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանի և Արագ արձագանքման ուժերի ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի միջև ծագած տարաձայնությունների պատճառով։ Խարթումում սկիզբ առած բախումները շատ արագ տարածվեցին երկրի մյուս շրջաններում։ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների իրական թիվը, հավանաբար, հասնում է հարյուր հազարների, իսկ շուրջ 14 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը։





























