Ղազախստանի նավթային երեք նախկին թոփ-մենեջերներ գույքի առգրավմամբ երկարաժամկետ ազատազրկման են դատապարտվել խոշոր չափերի հափշտակման համար: Դատախազությունը մեղավոր է ճանաչել նրանց Ժանաոզենի դեկտեմբերյան անկարգություններում, որոնց հետեւանքով զոհվել էր 15 մարդ: Մեղադրական կողմի վարկածով, նրանք մեղավոր են սոցիալական լարվածություն ստեղծելու համար, որոնք վերաճել են ջարդերի:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», «ԿազՄունայԳազ»-ի անվտանգության տեխնիկայի, առողջության պահպանման եւ շրջակա միջավայրի նախկին կառավարիչ տնօրեն Սերիկ Բայմուհանբեթովը մեղավոր է ճանաչվել այլոց գույքի յուրացման եւ վատնման մեջ եւ դատապարտվել ընդհանուր ռեժիմի գաղութում 8 տարի ազատազրկման` գույքի առգրավմամբ: «Կոմպանիա Մունայ-Էկոլոգիա» ՍՊԸ նախկին գլխավոր տնօրեն Դուման Արիպբաեւը նույն հոդվածով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` գույքի առգրավմամբ, ազատազրկման է դատապարտվել նաեւ ընկերակցության եւս մեկ աշխատակից` Ու. Ալշիմբաեւը:
2011 թվականի դեկտեմբերի 16-17-ին Ժանաոզենում եւ Շեթպե գյուղում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնց հետեւանքով զոհվել է 15 մարդ եւ ավելի քան 100 մարդ վիրավորվել է:




























