Կանադական Realbotix ընկերությունը ներկայացրել է մարդկանց հետ շփման համար նախատեսված Echo մարդանման ռոբոտների շարքը, գրում է Interesting Engineering-ը։
Գները սկսվում են 11 հազար 950 դոլարից՝ սեղանի մոդելի համար, և հասնում 59 հազար 950 դոլարի՝ լիաչափ տարբերակի համար։ Ռոբոտները համալրված են արհեստական մաշկով, շարժական տարրերով և խոսակցական արհեստական բանականության համակարգերով, դրանց թվում՝ ChatGPT-ի, Claude-ի և Gemini-ի ինտեգրումներով։
Առաջին արտադրական խմբաքանակում կընդգրկվի ընդամենը 250 սարք՝ 225 սեղանի ռոբոտ և 25 լիաչափ մոդել։ Մատակարարումները նախատեսված են 2027 թվականի երկրորդ կեսին։ Նախնական պատվեր կարելի է ձևակերպել 199 դոլար կանխավճարով, սակայն սարքերի աշխատանքի համար անհրաժեշտ կլինի նաև ծրագրային ապահովման ամսական բաժանորդագրություն։
Echo Tabletop սեղանի մոդելը, որի բարձրությունը մոտ 81 սանտիմետր է, կշռում է մոտ 11,3 կիլոգրամ։ Այն ունի շարժման ազատության 17 աստիճան, իսկ դեմքն ու պարանոցը պատված են սիլիկոնի հիմքով սինթետիկ մաշկով։ Արտադրողն այն դիրքավորում է անհատական շփման համար, ներառյալ՝ կրթական միջավայրում, թերապիայի և անձնական բարեկեցության ոլորտում։
Լիաչափ Echo Full Body-ը թողարկվում է կանացի տարբերակով՝ մոտ 183 սանտիմետր, և տղամարդկային տարբերակով՝ մոտ 196 սանտիմետր հասակով։ Երկու տարբերակների զանգվածը կազմում է մոտ 40 կիլոգրամ։ Դրանք ունեն 39 ազատության աստիճան, որոնք ապահովում են մարմնի վերին հատվածի շարժումների ավելի լայն տիրույթ։ Միևնույն ժամանակ ռոբոտները ամբողջությամբ չեն վերարտադրում մարդու մարմնի շարժունակությունը․ ազատության աստիճանների քանակը չի նշանակում, որ դրանք կարող են մարդկանց պես ազատ շարժվել։
Երկու մոդելներն էլ կարողանում են փոխել դեմքի արտահայտությունը, իսկ ձայնային հաղորդակցության համար համալրված են բարձրախոսներով։ Օգտատերերին կառաջարկվեն տարբեր ձայներով և բնավորություններով չորս կերպարներ՝ Արիան, Միլան, Դեյվը և Ամարը։ Ընկերության հայտարարությամբ՝ ռոբոտներն գործածում են ավելի քան 100 լեզու և կարող են պատասխանել զրուցակցի լեզվով։
Vinci լրացուցիչ համակարգն ընդլայնում է սարքերի հնարավորությունները՝ համակարգչային տեսողության և տվյալների տեղային մշակման հաշվին։ Այն հնարավորություն է տալիս ճանաչել դեմքեր, հետևել հայացքի ուղղությանը, որոշել հուզական ազդանշանները և հաշվի առնել տարածական ու ժամանակային համատեքստը։ 2027 թվականին ընկերությունը նախատեսում է նաև գործարկել կերպարների թվային տարբերակները․ դրանց հետ շփվել հնարավոր կլինի համակարգչի, պլանշետի կամ սմարթֆոնի միջոցով, նույնիսկ ֆիզիկական ռոբոտից հեռու գտնվելիս։
Realbotix-ը պնդում է, որ զրույցների պատմությունը, պահպանված հիշողություններն ու դեմքի ճանաչման տվյալները մնում են սարքի վրա կամ դրան միացված սարքավորման մեջ։ Սակայն ամպային գործառույթներն օգտագործելիս հարցումների մշակման համար անհրաժեշտ տեղեկությունները կարող են փոխանցվել արհեստական բանականության և ձայնային ծառայությունների երրորդ կողմ մատակարարներին։ Ընկերությունը զգուշացնում է նաև, որ ռոբոտների շահագործման համար անհրաժեշտ է Robot Configuration App հավելվածի բաժանորդագրություն՝ ամսական 19,99 դոլարից սկսած արժեքով։




























