Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը մտադիր է բոյկոտել «Մուզ-TV»-ն` դրանով իր աջակցությունը հայտնելով հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին:

Մալախովը պետք է Սոբչակի հետ լիներ այդ մրցանակաբաշխության հաղորդավարական զույգերից մեկը, սակայն, երբ Սոբչակին հեռացրեցին մրցանակաբաշխությունից, ինքն էլ որոշել է մերժել կազմակերպիչներին եւ չմասնակցել մրցանակաբաշխությանը:

«Ես, անկասկած, աջակցում եմ Քսենյային, նա իմ ընկերուհին է եւ այս վայրկյաններին ես որոշում եմ մրցանակաբաշխությանն իմ մասնակցության հարցը»,-հայտարարել է Մալախովը` РСН-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սկանդալային հաղորդավարուհի, լրագրողուհի Քսենյա Սոբչակը հեռացվել է «Մուզ- TV» երաժշտական մրցանակաբաշխության վարողի պաշտոնից:

Սոբչակի անունն արդեն անհետացել է «Մուզ- TV»-ի պաշտոնական բլոգում հրապարակված հաղորդավարների ցուցակից, թեեւ ավելի վաղ նրա անունն այդ ցուցակում էր: Սոբչակի հետ միջոցառումը պետք է վարեին Անդրեյ Մալախովը, Լերա Կուդրյավցեւան եւ Մաքսիմ Գալկինը:

«Ինձ հանել են «Մուզ- TV»-ից: Հարցնում եմ` ինչի՞ համար: Դու ինքդ ես ամեն ինչ հասկանում: Մենք չէինք ցանկանում, բայց զանգ եղավ: Ինչ մանրախնդիր է այս ամենը…», – գրել է Սոբչակն իր Twitter-ում: