Դուք նշեցիք, որ այս համաձայնագրով մանրամասնվելու են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի շրջանակային ռազմավարական համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին։
«Դուք նշեցիք, որ այս համաձայնագրով դետալիզացվում են առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հիշեցնեմ, որ կարևոր պայմանավորվածությունն այն էր, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրամադրվում է անխոչընդոտ կապ, և դրա դիմաց Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Խնդրում եմ՝ կնշե՞ք այն փաստաթուղթը, որտեղ նույնքան դետալացված նշվում են Ադրբեջանի պարտավորությունները»,- հարց ուղղեց պատգամավորը։
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը հայտարարեց․
«Առաջարկում եմ իրավիճակին ավելի գլոբալ նայել։ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքով ու ենթակառուցվածքներով կկապվի երրորդ երկրների հետ։ Երկրորդ՝ Հայաստանը կկապվի Ադրբեջանի հետ։ Եթե խոսքը երկաթուղու մասին է, ապա Հայաստանը, փաստացի, իրար կմիացնի իր հյուսիսային և հարավային շրջանները։ Այս ամենն, անշուշտ, ամրագրված է, և օգոստոսի 2-ից ի վեր այս հարցում որևէ կասկած կամ խոչընդոտ երբևէ չի առաջացել... Ավելին, Հայաստանն արդեն իսկ օգտագործում է Ադրբեջանի տարածքն ու ենթակառուցվածքները։ Հարգելի՛ գործընկերներ, բեռները Հայաստան են հասնում և Հայաստանից են ուղարկվում Ադրբեջանի տարածքով։ Հետևաբար, նրանց տարածքն օգտագործելու հնարավորությունն ինքնին կասկածի տակ դնելը միանգամայն ժամանակավրեպ մոտեցում է։ Համաձայնագիրը կնքվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։ Ինչպե՞ս կարող էին Հայաստանն ու ԱՄՆ-ն դրանում ամրագրել, որ երրորդ երկիրը պետք է որևէ պարտավորություն ստանձնի մեկ այլ՝ երրորդ երկրի տարածքում»։











