ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դատական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեյմի Ռասկինը հայտարարել է, որ ռուսական դիզվառելիքի գնումը կարող է իրավական հետանքներ ունենալ բիզնեսի համար։ Խոսքը մինչև 1 միլիոն դոլարի հասնող տուգանքների և ընդհուպ մինչև 20 տարվա ազատազրկման մասին է. իր բաց նամակում պնդում է Մերիլենդ նահանգը ներկայացնող կոնգրեսական դեմոկրատը։ Ուղերձն առաջին հերթին հասցեագրված է Ամերիկյան նավթային ինստիտուտի (API), ԱՄՆ Առևտրի պալատի և Վառելիքի ու նավթաքիմիական արտադրանք արտադրողների ասոցիացիայի (AFPM) ղեկավարներին։

Ռասկինը նշել է, որ Միացյալ Նահանգներում շարունակում են գործել «Ռուսական նավթի ներմուծման դադարեցման մասին» երկկուսակցական օրենքը և թիվ 14066 նախագահական հրամանագիրը, որով Ուկրաինայում ՌԴ ներխուժումը հռչակվել է որպես «բացառիկ և արտակարգ սպառնալիք»։ Դեռևս 2022 թվականի սկզբին՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ընդունված այս երկու ակտերն էլ ուղղակիորեն արգելում են ցանկացած գործարք ռուսական նավթի և նավթամթերքի հետ։

Օրենքն ու նախագահական հրամանագիրը պահպանել են իրենց ուժը ինչպես Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձից, այնպես էլ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահի կնքած «դիզելային գործարքից» հետո։ Ռասկինն արձանագրել է, որ ռուսական դիզվառելիքի գնումն ամերիկացի ներմուծողների համար նախկինի պես հղի է քրեական պատասխանատվությամբ, ինչը ենթադրում է միլիոնավոր դոլարների տուգանքներ և ազատազրկման երկարատև ժամկետներ։

Կոնգրեսականի գնահատմամբ՝ Թրամփի վարչակազմը կարող է օրինական ճանապարհով չեղարկել Բայդենի օրոք սահմանված սահմանափակումները։ Սակայն դրա համար անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը՝ հիմնված արտաքին քաղաքական փաստերի վրա։ «[Անհրաժեշտ է, որ] Ռուսաստանը (1) համաձայնի դուրս բերել զորքերը և դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում, և դա հաստատվի Ուկրաինայի ազատ ընտրված կառավարության կողմից, (2) դադարի որևէ անմիջական ռազմական սպառնալիք ներկայացնել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, (3) ճանաչի ուկրաինացի ժողովրդի՝ սեփական ղեկավարությանն ինքնուրույն ընտրելու իրավունքը», — ընդգծել է Ռասկինը։

Թրամփի արտաքին քաղաքական ներկայիս կուրսը կոնգրեսականը որակել է որպես «ԱՄՆ օրենքները թույլատրելիի սահմաններից դուրս ձգելու փորձ՝ Վլադիմիր Պուտինին փրկօղակ նետելու համար»։ Ռասկինը հիշեցրել է, որ չնայած Մոսկվայի և Վաշինգտոնի առերևույթ մերձեցմանը, ռուսական կողմը շարունակում է աջակցել Իրանին՝ Միացյալ Նահանգների դեմ մղվող նրա ռազմական գործողություններում։

ԱՄՆ Կոնգրեսի անդամները հոկտեմբերին բազմիցս իրենց վրդովմունքն են հայտնել նախագահական ներկայիս վարչակազմի դիվանագիտության կապակցությամբ։ Երկու կուսակցությունների ներկայացուցիչներն էլ քննադատել են Թրամփին և նրա թիմին ինչպես ուկրաինացի զինվորականների համար Starlink արբանյակային կապի սահմանափակումների, այնպես էլ Պուտինի հետ «դիզելային գործարքի» համար։ Ամենահին կոնգրեսականներից մեկը՝ հանրապետական Միթչ Մաքքոնելը, այս կապակցությամբ իր նախագահին անվանել է «բարոյապես սնանկ»։

Հոկտեմբերի կեսերին Թրամփը մի շարք փոխկապակցված որոշումներ է ընդունել, որոնք կոչված էին բարելավել Կրեմլի հետ երկկողմ հարաբերությունները։ Նա պայմանավորվել է ամերիկյան և համաշխարհային շուկաներում ռուսական վառելիքի մատակարարումների մասին և Լինդսի Գրեհեմի օրենքի շրջանակում հետաձգել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառումը։ Շուտով ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մինչև 2027 թվականի ապրիլ կասեցրել է Ռուսաստանի դիզվառելիքի դեմ պատժամիջոցները, իսկ հետո ռուսական իշխանությունները հայտարարել են օվկիանոսից այն կողմ դիզվառելիքով առաջին տանկերի ուղարկման մասին։