Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական իրադարձություններից հետո շատերդ կհիշեք՝ ինչ գործընթացներ են տեղի ունեցել, երբ քրեական գործի նկատմամբ իրականացվող նախաքննությունը , գլխավոր դատախազը, վարչապետը, նշանակվել էին հենց այն մարդկանց հարազատների կողմից, որոնք զոհվել էին հոկտեմբերի 27-ի իրադարձությունների արդյունքում և ամբողջ քննությունը իրականացվել է իրենց հսկողության տակ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Ինչպես գիտեք, գործը քննվում էր այն ժամանակ Գագիկ Ջանգիրյանի ղեկավարությամբ, ով նաև նշանակվել էր հենց Վազգեն Սարգսյանի ընտանիքի ցանկությամբ։ Դանից հետո նա պաշտոնավարել է բավական երկար, այնուհետև այս իշխանությունների ժամանակ է բարձր պաշտոն զբաղեցրել և եթե չեմ սխալվում, ինքը համարում էր, որ գործը բացահայտված է։

Շատ ժամանակ հարցը այնպես է տրվում, կարծես փաստ է, որ ինչ-որ պատվիրատու է եղել, որը չի բացահայտվել։ Անկեղծ եմ ասում՝ ես չգիտեմ դա այդպես է թե չէ, բայց ես գիտեմ որ այդ օրը այն սահակները բոլորը ողջ ձերբակալվել են և մի մասը նաև մինչև հիմա իրենց պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկներում։

Ինձ համար, իմ ընտանիքի համար շատ անընդունելի և վիրավորական է, երբ այս ամեն ինչի մեջ փորձում են մեղավորության սլաքներ ուղղել, որովհետև բացի նրանից, թե ինչ ծանր օր էր դա մեր պետականության համար, մեր երկրի համար, նաև մեր ընտանիքի համար այդ օրը անձնական ողբերգություն էր։ Այստեղ զոհվել են մարդիկ, որոնք մեր ընտանիքի ընկերներն էին»,–ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ նախագահի հայտարարությանը, թե կան կարծիքներ, որ հոկտեմբերի 27-ը առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին և ամրապնդեց իր իշխանությունը, Լևոն Քոչարյանն ասաց. «Կատարյալ սրիկայություն է նման բան ասելը։ Ես տեղի ունեցածը մեր անձնական, ընտանեկան ողբերգություն եմ համարում և սրան նման մեկնաբանություն տալը պարզապես անհեթեթություն է»։

Հարցին՝ ինչո՞ւ գործող իշխանությունը չի բացահայտում հոկտեմբերի 27–ի ոճրագործությունը, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Անկեղծ ասած ես չեմ տեսնում, որ այս իշխանությունը ինչ-որ բան ուզում է բացահայտի, եթե ելնում ենք նրանից, որ ինչ-որ բան կա չբացահայտված։ Եթե ելնում ենք նրանից, որ կա ինչ-որ բան չբացահայտված և այ իշխանությունը ուզում է բացահայտել, ես չեմ կարծում, որ դա է նրանց մոտիվացիան։ Կարծում եմ՝ այս իշխանությունների մոտիվացիան ոչ թե ինչ-որ բան բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց իրենց մեջ նշանակում են մեղավոր, հետո գործը տարվում է այն ուղղությամբ, որ փորձեն ինչ-որ ձև իրավական հիմնավորումներ տալ իրենց այդ ենթադրություններին, միգուցե նաև համոզմունքներին, խոսքը սրա մասին է»։

Լևոն Քոչարյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 27–ին, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակցում էր ահաբեկիչների հետ, իր սեղանին դրվել է թուղթ, որով պաշտոններ էին պահանջում նախագահից. «Այդ ժամանակ դեռ Վազգեն Սարգսյանի և մնացածի դիակները դահլիճից չհանված, թուղթ է ներկայացվում իրեն, որով պահանջում են կոնկրետ պաշտոնների նշանակել կոնկրետ մարդկանց, և այդ մարդկանցից մեկը Անդրանիկ Քոչարյանն է, ով ՔՊ–ական պատգամավոր է»։