Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն երեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նշվում է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի կայքում։ Զանգը կայացել է եվրոպացի առաջնորդների նախաձեռնությամբ, որոնք նախապես խորհրդակցել էին Ուկրաինայի հետ։ Նշվում է, որ զրույցի նպատակն էր Պուտինին փոխանցել «Աբու Դաբիում կայանալիք խաղաղության բանակցությունների վերաբերյալ Ուկրաինայի ուղերձները», ինչպես նաև կոչ անել դադարեցնել ռազմական գործողությունները և շարունակել խաղաղության բանակցությունները։

«Զրույցն ուղիղ և առարկայական էր։ Մենք Ռուսաստանի հարևաններն ենք։ Այն, թե ինչպես կավարտվի պատերազմը, կազդի Ֆինլանդիայի և Նորվեգիայի, ինչպես նաև ողջ Եվրոպայի անվտանգության վրա։ Պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ», — հայտարարել է Ստուբը։ Իր հերթին Ստյորեն նշել է, որ պատերազմը մարդկային ահռելի տառապանքների պատճառ է դառնում և հանգեցնում է մեծ կորուստների։ «Պատերազմն իր հետքն է թողնում բազմաթիվ սերունդների վրա։ Հեռախոսազրույցի ընթացքում մենք ընդգծել ենք էսկալացիայի նվազեցման կարևորությունը», — ասել է Նորվեգիայի վարչապետը։ Պուտինի զրույցը եվրոպացի առաջնորդների հետ առաջինն էր 2025 թվականի հուլիսից ի վեր, երբ նրա հետ հեռախոսով կապ էր հաստատել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ստուբը և Ստյորեն Պուտինի հետ զրուցել են հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և ԵՄ ներկայացուցիչների հանդիպումից հետո։ Ընդ որում, Ֆինլանդիայի նախագահի գրասենյակում ընդգծել են, որ երկու առաջնորդներն էլ զրույցին մասնակցել են միայն իրենց երկրների, այլ ոչ թե ողջ Եվրոպայի անունից։ Բացի Ուկրաինայից, նրանք շոշափել են նաև Բալթիկ ծովի տարածաշրջանում և Հեռավոր Հյուսիսում խաղաղության պահպանման թեման՝ նշելով, որ շահագրգռված են կայունությամբ և կանխատեսելիությամբ։

Մինչ այդ Politico պարբերականի աղբյուրները հայտնել էին, որ ԵՄ-ում կրկին սկսել են Ուկրաինայի հարցով բանակցող փնտրել Պուտինի հետ։ Այդ դերի համար ամենահարմար թեկնածուներից մեկը համարվում է Ֆինլանդիայի նախագահը, քանի որ նա լավ հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ինչպես նշել էր Politico-ն, եվրոպական երկրները ձգտում են տեղ զբաղեցնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի թույլ չտան Վաշինգտոնին Կիևին պարտադրել համաձայնագրի ոչ ձեռնտու պայմանները։