Իլհամ Ալիևը Հայաստանում ունի իր իշխանությունը, իր կառավարությունը, փաստորեն նաև հիմա ցանկանում է ունենալ նաև իր ընդիմությունը, ես այ այսպես եմ գնահատում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանին պետք է պետականակենտրոն ընդդիմություն։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի ընդդիմության համոզել, որ նոր սահմանադրություն ընդունվի, ապա չի բացառվում, որ գնան արտահերթ ընտրությունների, Լևոն Քոչարյանն ասաց. «Եթե ուզում է արտահերթ ընտրություններ ունենալ, դրա համար պետք է ինքը հրաժարական տա, երկու անգամ Ազգային ժողովը չընտրի նոր վարչապետ, որից հետո կլինեն արտահերթ ընտրություններ։ Ուզո՞ւմ է արտահերթ ընտրություն, ուրեմն պետք է հրաժարական տա, ես ուրիշ ավելացնելու բան այստեղ չունեմ»,–ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իրենց շանսերը արտահերթ ընտրություններում, Քոչարյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ ուզում որևէ շանս գնահատել, որովհետև չկա նման գործընթաց այս պահին։ Ինչ-որ մի բան է, ասել է, եթե դրանք կհետևեն գործողություններ, մենք գիտենք մեր գործողությունները ինչ են լինելու»։

Նա բացառեց, որ իրենք որևէ պարագայում կողմ քվեարկեն իշխանության բերած նոր սահմանադրությանը. «Մենք չենք քվեարկելու մի սահմանադրության օգտին, որը բերվում է արտաքին պահանջով, Ադրբեջանի պահանջով։ Սա, ինչպես գիտեք, նախապայման է և մեզ համար դա անընդունելի է։ Մենք նաև մեր նախընտրական խոստումների, սկզբունքների շարքում այս ամեն ինչի մասին խոսել ենք, ստացել ենք քվե։

Ցանկացածխ փաստաթուղթ, այդ թվում Սահմանադրությունը, կարելի է փոխել, ավելի լավը դարձնել, բայց ոչ այն կոնտեքստում, որով այն հիմա փորձ է արվում իրականացնել;

Մենք նաև դեմ ենք եղել 2015–ի սահմանադրական բարեփոխումներին, սրա մասին բարձրաձայնել ենք, բայց այն, ինչ հիմա արվում է, սա չի արվում ինչ-որ բան լավացնելու համար, սա Ադրբեջանի նախապայմանն է։ Ես չեմ ուզում Ադրբեջանի նախապայմանով իմ երկրում փոխել սահմանադրությունը։ Եթե այդ հարցը չլինի, մնացած կոնտեքստում ամեն ինչ էլ մեծ հաշվով կարելի է քննարկել»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին՝ արտահերթ ընտրությունների գնալը ձեռնտո՞ւ է ընդդիմությանը, թե ոչ, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Ես հիմա ընդհանրապես չեմ քննարկելու արտահերթ ընտրությունները, եթե կլինի հրաժարական Նիկոլ Փաշինյանի և գործընթացը արտահերթ ընտրությունների, այն ժամանակ ավելի կոնկրետ կխոսենք: Մենք ունենք մեր պատկերացումները, մեր մոտեցումները, մեր գործողությունների հերթականությունը, բայց այս պահին նպատակահարմար չեմ համարում ասել»։