ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հոկտեմբերի 24-25-ը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի (IACP) 2026 թվականի համաժողովին։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ՔԿ-ից։
Այցը կազմակերպվել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) աջակցությամբ։
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ և արդյունավետ քննարկումներ մի շարք երկրների իրավապահ մարմինների գործընկերների հետ։ Աշխատանքային հանդիպումների առանցքում եղել են իրավական համագործակցության ընդլայնման, տեղեկատվության փոխանակման և հանցավորության դեմ համատեղ պայքարի արդիական մեթոդները։
Համաժողովի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) տնօրենի առաջին տեղակալ Լեսլի Զիմանի և Դիվանագիտական անվտանգության ծառայության տնօրեն Նիկոլաս Կոլուրայի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև անդրադարձել իրավապահ համակարգի բարեփոխումներին և համատեղ ծրագրերի ընթացքին։
Միջազգային համաժողովի շրջանակում Քննչական կոմիտեի նախագահն այցելել է նաև մասնագիտացված ցուցահանդես, որտեղ ծանոթացել է իրավապահ ոլորտի վերջին տեխնոլոգիական սարքավորումներին։ Ցուցահանդեսի ընթացքում գործընկերների հետ քննարկվել են Քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր։

































