ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով հանձնաժողովի դեմոկրատները երկուշաբթի հրապարակել են 53 էջանոց զեկույց, համաձայն որի՝ հինգ կին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության կամ սեռական բռնության մեջ։

Ինչպես հաղորդում է Miami Herald-ը, զեկույցում առնվազն մեկ նոր մեղադրանք է հնչում Թրամփի հասցեին։ Նախկին «Միսս Շվեյցարիա» Բեատրիս Կոյլը պնդում է, որ Թրամփն իրեն բռնաբարել է Նյու Յորքի Plaza հյուրանոցում՝ 1993 թվականի գեղեցկության մրցույթի ժամանակ։ Հարձակման հետևանքով նրա մարմնի վրա արյունազեղումներ և կապտուկներ էին մնացել։

Ընդհանուր առմամբ զեկույցում հիշատակվում է 11 կին։ Նրանցից հինգը Թրամփի կողմից բռնաբարության կամ սեռական բռնության ենթարկվելու մասին բարձրաձայնել են թերթերին տված հարցազրույցներում, դատական հայցերում կամ անմիջապես հանձնաժողովի ներկայացուցիչների հետ զրույցներում։ Եվս երեք կին ՀԴԲ աշխատակիցներին պատմել է Էփշտեյնի ներկայությամբ Թրամփի հետ ունեցած հանդիպումների մասին։ Մյուս երեքը հրապարակային ելույթներ չեն ունեցել. նրանց վկայությունների փոխարեն զեկույցում օգտագործվել են Էփշտեյնի գործով նյութերը։ Ենթադրյալ հարձակումների մեծ մասը տեղի է ունեցել 1990-ական թվականներին։

Զեկույցը հրապարակվել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից ընդամենը ինը օր առաջ, ընդգծում է Miami Herald-ը։ Փաստաթղթի հեղինակները կոչ են անում նախագահի նկատմամբ քրեական հետաքննություն անցկացնել և հատուկ դատախազ նշանակել։

Սպիտակ տանը զեկույցը որակել են որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող։ Թրամփը հերքում է Էփշտեյնի հետ կապված հանցագործություններին իր առնչությունը և այս սկանդալն անվանում «կեղծիք»։

Հունվարին Արդարադատության նախարարությունը հերքել էր Թրամփի հասցեին հնչող մեղադրանքները՝ նշելով. «Հստակության համար ասենք, որ այս մեղադրանքներն անհիմն են և կեղծ։ Եթե դրանցում ճշմարտության գեթ մեկ նշույլ լիներ, ապա հաստատ արդեն կօգտագործվեին նախագահ Թրամփի դեմ»։ Հայտարարության մեջ նաև ասվում էր, որ 2020 թվականի ընտրություններից առաջ այս փաստաթղթերը փոխանցվել էին ՀԴԲ-ի քննությանը։