Իրանի անվտանգության ուժերը երկրի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Բամփուր քաղաքի շրջանում ձերբակալել են «Ջեյշ ալ-Ադլ» («Արդարության բանակ», հայտնի է նաև որպես «Ջեյշ ալ-Ջուլմ»՝ «Կեղեքման բանակ») ահաբեկչական խմբավորման վեց անդամի։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Գործողությունն իրականացվել է երեքշաբթի օրը՝ մի քանի ուժային կառույցների համատեղ ջանքերով։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ ձերբակալություններին նախորդել է կասկածյալների հետապնդումը։ Գործողության ընթացքում ուժայիններն առգրավել են Կալաշնիկովի երեք ինքնաձիգ, մեկ ատրճանակ, յոթ պահունակ և 172 փամփուշտ։
Սիստան և Բելուջիստան նահանգի նահանգապետի՝ անվտանգության հարցերով տեղակալը հաստատել է վեց անձի ձերբակալության մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ անվտանգության ուժերը շարունակում են շրջանն ահաբեկչական խմբավորումներից մաքրելու գործողությունները։
Նա նաև հայտնել է, որ զինված ուժերն ու անվտանգության ծառայություններն առաջիկայում կհրապարակեն գործողության վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ։




























