Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրին։ Ինչպես հայտնում է TRT Haber-ը, փաստաթղթի վավերացման օրինագիծն այժմ պետք է քննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
Համաձայնագիրը 2026 թվականի օգոստոսի 7-ին Մեքքայում ստորագրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Փաստաթուղթը միտված է պաշտպանական համագործակցության ամրապնդմանն ու տարածաշրջանում սպառնալիքների հավաքական զսպմանը։
Ըստ համաձայնագրի՝ երեք երկրներից որևէ մեկի դեմ արտաքին զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլորի դեմ։ Կողմերը պարտավորվում են աջակցել հարձակման ենթարկված պետությանը՝ ընդհուպ մինչև ռազմական հնարավորությունների կիրառմամբ։ Ընդ որում, հստակ միջոցառումները պետք է համաձայնեցվեն կողմերի միջև և ընդունվեն իրենց ներպետական օրենսդրությանը համապատասխան ձևով։
Փաստաթուղթը նախատեսում է նաև հետախուզական տվյալների փոխանակում, համատեղ զորավարժությունների անցկացում, մասնագետների վերապատրաստում, ինչպես նաև համագործակցություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում և տեխնոլոգիաների փոխանցում։ Փոխգործակցությունը համակարգելու նպատակով նախատեսվում է ստեղծել ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտե, որը կգումարվի տարեկան առնվազն երկու անգամ։ Դրա մշտական քարտուղարությունը կտեղակայվի Սաուդյան Արաբիայում։
Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ համաձայնագիրը պաշտպանական բնույթ է կրում և ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի դեմ։ Այն նաև չի չեղարկում ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի ստանձնած պարտավորությունները։




























