Քաղաքային իշխանությունները չեն կարող միջամտել դաշնային իրավապահների աշխատանքին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանը՝ անդրադառնալով հայաշատ քաղաքում դաշնային ներգաղթային մարմինների կողմից իրականացվող ստուգումներին ու ձերբակալություններին, որոնք վերջին օրերին մտահոգություն են առաջացրել տեղի հայ համայնքի շրջանում։
Քասախյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունները չեն համագործակցում դաշնային կառավարության հետ ներգաղթային գործողությունների իրականացման հարցում, և իրավասու չեն միջամտելու դրանց։ Դաշնային գործակալները, ըստ քաղաքապետի, տարբեր ժամանակահատվածներում գործողություններ են իրականացրել ոչ միայն Գլենդելում, այլև Կալիֆոռնիայի և Միացյալ Նահանգների այլ համայնքներում։
Նրա խոսքով՝ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բնակիչները հաճախ չեն կարողանում հասկանալ՝ ում են թիրախավորում ներգաղթային գործողությունների ընթացքում։ Քաղաքապետը նշել է, որ ձերբակալությունների են ենթարկվում նաև մարդիկ, որոնք ապաստան են հայցում կամ մշտական բնակության կարգավիճակ ստանալու գործընթացում են։
«Մարդիկ, որոնք ականատես են լինում այդ գործողություններին, չեն կարող տարբերել, թե կոնկրետ ով է ձերբակալվում, և թափանցիկության պակասը մեծ անհանգստություն ու մտահոգություն է առաջացնում»,- ընդգծել է Քասախյանը։
Գլենդելի քաղաքապետն ասել է, որ իրենք տեղեկություն չունեն, թե ներգաղթային գործողությունների շրջանակում քանի հայ է ձերբակալվել։
«Նման տվյալներ մենք չունենք, քանի որ չենք համագործակցում դաշնային կառավարության հետ, և նրանք էլ մեզ հետ չեն համագործակցում այս հարցերի շուրջ։ Սա հիասթափեցնող է մեզ համար»,- հավելել է նա։




























