Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է ենթադրյալ սպանության փորձը, երբ վարորդը միտումնավոր ավտոմեքենան ուղղել է մարդկանց խմբի վրա Հաննովերից հյուսիս-արևմուտք գտնվող Նոյշտադտ-ամ-Ռյուբենբերգ քաղաքում, հայտնում է գերմանական dpa գործակալությունը։

Առնվազն հինգ մարդ է տուժել, հայտնել է Ստորին Սաքսոնիա դաշնային երկրամասի ոստիկանությունը։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով մոտ 23:30-ին։ Քննության վարկածով՝ վարորդը նպատակաուղղված մխրճվել է ճանապարհի վրա գտնվող մարդկանց խմբի մեջ։ Տուժածները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, սակայն նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանության տվյալներով՝ ավտոմեքենայի սեփականատիրոջ հասցեում նախնական կարգով ձերբակալվել ե երեք մարդ։ Քննիչները պարզում են՝ արդյոք նրանք անմիջականորեն կապված են հարձակման հետ։ Իրավապահները կարծում են, որ միջադեպի մասնակիցները կարող էին ճանաչել միմյանց և պատկանել մի քանի մեծ ընտանիքների։ Այդ ընտանիքների որոշ ներկայացուցիչներ նախկինում արդեն հայտնվել էին ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ այլ իրավախախտումների առնչությամբ։

Հարձակման դրդապատճառը դեռ չի հաստատվել։ Միևնույն ժամանակ ոստիկանությունը հայտարարել է, որ բնակչության համար վտանգ չկա, իսկ ահաբեկչական հարձակման նշաններ քննիչները չեն հայտնաբերել։

Միջադեպի ժամանակ մոտակայքում գտնվող ոստիկանները ճանապարհային երթևեկության պլանային ստուգում էին իրականացնում։ Նրանք կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ՝ փորձելով կանգնեցնել այն։ Դրանից հետո վարորդը լքել է մեքենան և փախել։ Ոստիկանությունը սկսել է կասկածյալի որոնումները։

Քննությունը պարզում է նաև՝ արդյո՞ք ավտոմեքենայում այլ մարդիկ էլ են եղել։ Հարձակման մասնակիցների թիվը և նրանցից յուրաքանչյուրի դերը դեռևս մնում են անհայտ։

dpa գործակալության տվյալներով՝ դեպքի վայրում աշխատել են բազմաթիվ հրշեջներ և շտապօգնության բրիգադներ։ Միջադեպի շրջանում մնացել էին վնասված ավտոմեքենաներ․ դրանցից մի քանիսի անվադողերը ծակված էին, ապակիները՝ կոտրված, և երևում էին գնդակի անցքեր։