Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը նախապատրաստվել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ համատեղ։ Երեքշաբթի առավոտյան կայացած զրույցին մասնակցել է նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, հաղորդում է Yle-ն:
«Ֆինլանդիան երբեք չի քննարկում Ուկրաինան առանց նրա հետ համաձայնեցման և նրա թիկունքում»,- ընդգծել է Ստուբը։
Ըստ Ֆինլանդիայի նախագահի՝ զանգի առիթը Օսլոյում անցկացված հանդիպումն էր, որից հետո տպավորություն էր ստեղծվել, թե Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունները կարող են տապալվել։ Ստուբը պնդում է, որ մասնակիցներին հաջողվել է բանակցային գործընթացը վերադարձնել գործնական հուն և կարգավորել Միացյալ Նահանգների և Ուկրաինայի հարաբերությունները։
Անցած շաբաթավերջին կողմերը հանգել են այն եզրակացության, որ Պուտինի հետ զրույցի համար ճիշտ ժամանակը հասունացել է։ Զանգից առաջ Ստուբն ու Ստյորեն նաև բանակցություններ են վարել ամերիկացի ներկայացուցիչների հետ։
Ֆինլանդիայի նախագահը պարզաբանել է, որ ինքը և Նորվեգիայի վարչապետը գործում են կուլիսներում՝ փոխանցելով տեղեկություններ և օգնելով առաջ մղել բանակցությունները։
Հեռախոսազրույցը տևել է մոտ մեկուկես ժամ։ Ստուբի պատմելով՝ մասնակիցները քննարկել են ռազմական գործողությունների սահմանափակումը, առաջին հերթին՝ էներգետիկայի ոլորտում, պարենային անվտանգությունը և վստահության ամրապնդման այլ միջոցներ։
Ստուբը ենթադրել է, որ Աբու Դաբիում անցկացվելիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի անվտանգության ներկայիս իրավիճակը։ Բանակցություններին պետք է մասնակցեն Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները։ Ֆինլանդիայի նախագահը հայտնել է նաև, որ հանդիպմանը Եվրոպան ներկայացված կլինի։
Զանգը դարձել է Ստուբի, Ստյորեի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ մեկ շաբաթ առաջ Օսլոյում անցկացված հանդիպման շարունակությունը։ Այդ ժամանակ նրանք հանդիպել էին ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, որն այնուհետև մեկնել էր Պուտինի հետ բանակցությունների։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդներին հեռախոսազրույցի համար։ Ըստ նրա՝ նրանք ռուսական ղեկավարությանը հասկացրել են, որ Ուկրաինայի էներգետիկ համակարգի և ենթակառուցվածքների վրա հարվածների կրճատման համար անհրաժեշտ են իրական գործողություններ։
Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Ստուբը, Ստյորեն և Պուտինը պայմանավորվել են նաև հետագայում պահպանել հեռախոսային կապը։




























