Տանզանիան երկրի հարավում՝ Մնազի Բեյ ծոցի շրջանում, հայտնաբերել է բնական գազի մոտ 223 միլիարդ խորանարդ ֆուտ պաշար։ Դրա մասին երեքշաբթի հայտնել է էներգետիկայի նախարար Ջումա Հոմերան։ Սա երկրում ավելի քան տասը տարվա ընթացքում գազի նոր պաշարների առաջին հայտնաբերումն է, հաղորդում է Reuters գործակալությունը։
Հանքավայրը հայտնաբերվել է Kasa-1X ST2 հորատանցքում, որը համատեղ մշակում են պետական Tanzanian Petroleum Development Corporation-ը (TPDC) և ֆրանսիական Maurel & Prom նավթագազային ընկերությունը։
Ըստ Հոմերայի՝ TPDC-ն և Maurel & Prom-ը հորատել են երեք հորատանցք՝ MB-5, MS-2 և Kasa-1X ST2։ Ակնկալվում է, որ այդ աշխատանքները կօգնեն մեծացնել գազի առաջարկը ներքին շուկայում։
Maurel & Prom-ում ավելի վաղ հայտնել էին, որ նոր տեղամասում գազի արդյունահանումը կարող է սկսվել արդեն նոյեմբերին։
Հոմերան հայտնել է նաև, որ TPDC-ն բանակցություններ է վարում չորս ներդրողների հետ, որոնք նախատեսում են փոքրածավալ հեղուկացված բնական գազի արտադրության նախագծեր իրականացնել։
Հայտնաբերման մասին հայտարարությունից առաջ Տանզանիայի նոր հետախուզված պաշարները գնահատվում էին մոտ 57,5 տրիլիոն ստանդարտ խորանարդ ֆուտ՝ ըստ երկրի էներգետիկ կարգավորողի տվյալների։




























