Մոլդովայի և Ռումինիայի հնարավոր միավորումը կախված է երկու երկրների քաղաքացիների կամքից, Քիշնևում TVR Moldova հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկոլեսկուն։

Ըստ նրա՝ այս փուլում առաջնահերթությունը մնում է երկկողմ կապերի ամրապնդումն ու Եվրամիության հետ Մոլդովայի մերձեցումը։

«Պարզ է, որ մեր երկրների միջև բազմաթիվ կապեր կան, և որ միավորման թեման քննարկվում է, այդ թվում՝ բարդ ժամանակահատվածներում։ Միանգամայն հստակ կասեմ՝ միավորումը հնարավոր կդառնա, երբ դա ցանկանան երկու երկրների քաղաքացիները։ Իսկ մինչ այդ մենք ձգտում ենք էլ ավելի մերձեցնել Ռումինիան և Մոլդովան, Մոլդովային մոտեցնել Եվրամիությանը, ստեղծել նոր կամուրջներ և կապեր մեր միջև»,- հայտարարել է Նիկոլեսկուն։

Երկու երկրների միավորման թեման կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ Ուկրաինայում պատերազմի և Քիշնևի վրա Ռուսաստանի ճնշման ֆոնին։ Այդ գործոններն ուժեղացնում են Մոլդովայի անվտանգության և նրա հետագա զարգացման վերաբերյալ մտահոգությունները։

2026 թվականի սկզբին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն բրիտանացի լրագրողներ Ռորի Ստյուարտին և Ալաստեր Քեմփբելին տված հարցազրույցում հայտարարել էր, որ կքվեարկեր Ռումինիայի հետ միավորման օգտին, եթե այդ հարցով հանրաքվե անցկացվեր։

Միևնույն ժամանակ Սանդուն ընդունել է, որ Մոլդովայում միավորումը պաշտպանող մեծամասնություն չկա։ Նրա գնահատմամբ՝ ավելի իրատեսական նպատակ է ԵՄ-ին անդամակցությունը, որը երկրին հնարավորություն կտա պահպանել ինքնիշխանությունն ու ամրապնդել ժողովրդավարությունը։

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը 2025 թվականին գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ անձամբ աջակցում է Մոլդովայի հետ միավորմանը։ Սակայն նա ընդգծել էր, որ Բուխարեստը որևէ քայլ չի ձեռնարկի, քանի դեռ Մոլդովայի քաղաքացիները նախընտրում են պահպանել ներկայիս պետականությունը։

2018 թվականին Ռումինիայի խորհրդարանը հայտարարել էր, որ երկու երկրների միավորման կողմնակիցների ձգտումը համարում է օրինական, և պատրաստակամություն էր հայտնել աջակցելու միավորմանը, եթե այն դառնա Մոլդովայի քաղաքացիների ազատ կամարտահայտության արդյունք։