ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է պետության նախկին ղեկավար Բարաք Օբամայի քննադատությանը, որը ծաղրել էր Սպիտակ տան վերանորոգմամբ նրա տարվածությունը և հայտարարել, որ նախագահը պետք է աշխատեր բնակարանների վերանորոգմանն ու կահավորմանը նվիրված HGTV հեռուստաալիքում, հաղորդում է CNN-ը։
Դոնալդ Թրամփը պաշտպանել է Սպիտակ տանն իր իրականացրած փոփոխությունները։
«Ես շատ լավ եմ կարողանում ամեն ինչ շտկել։ Ես միշտ գեղեցիկ և էժան եմ կառուցում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա նշել է նաև, որ Cheesecake Factory-ն «շատ հաջողակ ընկերություն է»։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հեգնանքով էր արտահայտվել Թրամփի կողմից Սպիտակ տան վերանորոգման մասին։
«Նա Սպիտակ տունը վերածել է մի վայրի, որտեղ ասես Սադամ Հուսեյնը Cheesecake Factory ռեստորան է բացել։ Ակնհայտ է, որ նրան այնքան էլ չի մտահոգում ամերիկացիների համար գների իջեցումը»,- շաբաթ օրը Օհայոյում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Օբաման՝ քննադատելով Թրամփին, որ նա շինարարական նախագծերին ավելի մեծ ուշադրություն է դարձնում, քան տնտեսությանը։




























