Բրազիլիայի ոստիկանությունն անվավեր է ճանաչել նախագահական ընտրություններում պարտված սենատոր Ֆլավիո Բոլսոնարուի անձնագրերը, երբ նա սահմանված ժամկետում չի կատարել փաստաթղթերը հանձնելու վերաբերյալ Գերագույն դատարանի պահանջը, հայտնում է BBC News-ը։

Սենատորն անցնում է փողերի ենթադրյալ լվացման գործով։ Նա հերքում է մեղադրանքները։

Երկուշաբթի Գերագույն դատարանը քննության շրջանակում Բոլսոնարուին պարտավորեցրել էր 24 ժամվա ընթացքում անձնագրերը հանձնել ոստիկանությանը։ Սենատորը հայտարարել էր, որ մտադիր չէ լքել երկիրը և պետք է մնա Բրազիլիայում՝ գլխավորելու իր մրցակցի՝ գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի դեմ ընդդիմությունը։

Սակայն ժամկետը լրացել է, իսկ փաստաթղթերն այդպես էլ չեն հանձնվել։ Դա ենթադրությունների տեղիք է տվել, որ Բոլսոնարուն կարող էր լքած լինել երկիրը։ Ոստիկանությունում BBC News Brasil-ի աղբյուրի տվյալներով՝ դաշնային իրավապահները ստուգում են սահմանային անցակետերը՝ փորձելով պարզել՝ արդյոք սենատորը չի՞ մեկնել հարևան Արգենտինա։ Արգենտինայի իշխանությունները BBC-ին հայտնել են, որ իրենց համակարգերում որևէ սահմանային անցակետով Բոլսոնարուի մուտքի մասին տեղեկություն չկա։

Սենատորի նկատմամբ միաժամանակ քննություն է ընթանում ենթադրյալ կոռուպցիայի՝ նրա հոր՝ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի մասին ֆիլմի ֆինանսավորման առնչությամբ: Վերջինս դատապարտվել է պետական հեղաշրջում նախապատրաստելու համար և տնային կալանքի տակ է։ Երեքշաբթի Գերագույն դատարանը կարգադրել է ստուգել նաև Ֆլավիո Բոլսոնարուի նախընտրական արշավը՝ հնարավոր օտարերկրյա ֆինանսավորումը պարզելու նպատակով։

Կիրակի 45-ամյա սենատորը պարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ զիջելով Լուլային, որը ստացել է ձայների 51,79%-ը՝ մրցակցի 48,21%-ի դիմաց։ Թեև քվեարկությունից առաջ անցկացված հարցումները Բոլսոնարուին փոքր առավելություն էին տալիս, ձայների հաշվարկի սկզբում առաջատար լինելուց հետո նա զիջել է երկրի գործող նախագահին։

Բոլսոնարուն չի ընդունել պարտությունը և պահանջել է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Նա պնդում է, որ քվեարկությունը երկու ժամով երկարաձգելու պատճառով հայտնվել է անբարենպաստ վիճակում՝ այդ որոշումն անվանելով «կեղտոտ հնարք»։ Մինչդեռ քվեարկությունը երկարաձգելու խնդրանքով դիմել էին երկու թեկնածուների կուսակցությունները։ Լիբերալ կուսակցությունը, որը ներկայացնում էր Բոլսոնարուն, ընդունել է ընտրությունների արդյունքները, թեև հայտարարել է, որ քվեարկության երկարաձգման հանգամանքներն արժանի են քննության։