ԱՄՆ-ը կստանա մեկ միլիոն բարել վենեսուելական նավթ, որը հասել է Թեքսասի Կորպուս Քրիստի նավահանգիստ, երեքշաբթի հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա այդ մատակարարումն անվանել է առաջինը՝ ապագայում սպասվող միլիարդավոր բարելների մատակարարումների շարքում, և պնդել, որ նավթն ամերիկացիներին կհասնի առանց հարկատուների համար որևէ ծախսի։

«Սա ընդամենը առաջին խմբաքանակն է այն ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ բարելներից, որոնք կհաջորդեն դրան»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նրա ասելով՝ մատակարարումը «չափազանց հաջող ռազմական գործողության» արդյունք է, որին հաջորդել է «աշխարհի պատմության մեջ նավթի ամենախոշոր գործարքը»։

ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ նավթն ԱՄՆ-ին տրամադրվում է «առանց ամերիկացի հարկատուների համար որևէ ծախսի»՝ Վենեսուելայի հետ հարաբերությունների վերականգնման շնորհիվ, որոնք, նրա գնահատմամբ, բացառիկ հաջող են զարգանում։

Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ առաջ Թրամփն ամերիկացիներին վառելիքի գների շուտափույթ նվազում է խոստացել։

«Բենզինի և դիզելային վառելիքի գները շուտով կտրուկ կընկնեն. ՊԱՐԶԱՊԵՍ ՀԵՏԵՎԵ՛Ք»,- գրել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն արդեն նման կանխատեսումներ արել էր, սակայն խոստացված գնանկումը հաճախ տեղի չէր ունեցել կամ եղել էր սահմանափակ ու կարճատև։

Երեքշաբթի՝ Թեքսաս մեկնելուց առաջ, Թրամփը հաստատել է, որ պատրաստվում է այցելել նավթ տեղափոխող լցանավ։ Այդ այցը պետք է դառնա նրա ծրագրի երրորդ կետը՝ նահանգում երկու նախընտրական հանրահավաքներից հետո։ Նախագահի հետ ուղևորությանը մասնակցում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Կարծում եմ՝ այո։ Մենք շատ հաջողությամբ Վենեսուելան վերցրինք մեր վերահսկողության տակ, և նրանք ինձ նվեր ուղարկեցին մի ամբողջ նավ՝ մեկ միլիոն բարել նավթով, իսկ ես այն փոխանցում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներին»,- հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով լցանավ այցելելու մասին հարցին։