Ամերիկացի զինվորականները հերթական հարվածն են հասցրել Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում գտնվող մի նավի, որը կասկածվում է թմրանյութեր տեղափոխելու մեջ։ Հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, որոնց ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM) անվանել է «թմրաահաբեկիչներ»։

«Հետախուզական տվյալները հաստատել են, որ նավն ակտիվորեն ներգրավված էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ»,- ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ, որը երեքշաբթի հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Որպես հաստատում՝ զինվորականները կցել են ենթադրյալ հարձակման տեսագրությունը։

SOUTHCOM-ում հայտարարել են, որ գործողությունը «մահաբեր կինետիկ հարված» էր Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում թմրանյութերի ապօրինի փոխադրման հայտնի երթուղիներով ընթացող արագընթաց նավի դեմ։

Ամերիկացի զինվորականները պարբերաբար հարձակվում են Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում գտնվող նավերի վրա, որոնք կասկածվում են թմրանյութեր տեղափոխելու մեջ։

Արշավը սկսվել է անցյալ տարվա երկրորդ կեսին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Վաշինգտոնը պնդում է, որ այդ նավերն օգտագործվում են Միացյալ Նահանգներ թմրանյութեր հասցնելու համար։