Քաղաքացիական ակտիվիստ Թորնիկե Ռազմաձեն տուգանվել է 3000 լարիով (մոտ 1100 դոլար)՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին վիրավորելու համար։ Նման որոշում է կայացրել դատավոր Նինո Էնուկիձեն, սոցցանցում հայտնել է Ռազմաձեն, հաղորդում է «Գրուզիա Online»-ը։
«Սիմոնյանի հասցեին հայհոյելու համար ինձ տուգանել են 3000 լարիով։ Ոչ մի տարօրինակ բան, ոչ մի անսպասելի բան»,- գրել է ակտիվիստը։
Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Ռազմաձեի նկատմամբ վարչական վարույթ էր հարուցել սոցցանցում նրա հրապարակած մեկնաբանության պատճառով։
Միևնույն ժամանակ, ըստ ՆԳՆ մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի՝ ատելության խոսքի դեմ պայքարի վարչության պարզաբանման, ակտիվիստը մեղադրվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին վիրավորելու մեջ։
Ինքը՝ Ռազմաձեն, պնդում է, որ վարույթը հարուցվել է Սիմոնյանի և ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հասցեին արված արտահայտությունների պատճառով։





























