Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն առաջատարն է խորհրդարանական ընտրություններում, սակայն նրա գլխավորած դաշինքը, ըստ էքզիթ փոլերի, Քնեսեթում բացարձակ մեծամասնություն չի ստանում։ Դրա մասին են վկայում իսրայելական հեռուստաալիքների նախնական գնահատականները։

Էքզիթ փոլերի տվյալներով՝ «Լիկուդը» կարող է 24–25 տեղ ստանալ 120 պատգամավորից բաղկացած խորհրդարանում։ Երկրորդ տեղում Գադի Այզենկոտի գլխավորած «Յաշար» կուսակցությունն է, որին կանխատեսում են 21–23 մանդատ։

Ընդ որում, Նեթանյահուի դաշինքը, նախնական գնահատականներով, ընդհանուր առմամբ կստանա մոտ 50 տեղ։ Այզենկոտի դաշինքին կանխատեսում են 52–53 մանդատ։ Մնացած տեղերը, ըստ էքզիթ փոլերի տվյալների, կարող են բաժին հասնել «Միացյալ ցուցակին», որում գերակշռում են արաբական կուսակցությունները, և ՌԱԱՄ կուսակցությանը։

Իսրայելի արտգործնախարար, «Լիկուդը» ներկայացնող Գիդեոն Սաարը հայտարարել է, որ ընդդիմության տոնախմբությունը վաղաժամ է, և կոչ է արել սպասել վերջնական արդյունքներին։ Նրա ասելով՝ արդեն այժմ կարելի է պնդել, որ «Լիկուդը» երկրի ամենամեծ կուսակցությունն է։

Ինքը՝ Նեթանյահուն, դեռ չի մեկնաբանել էքզիթ փոլերի արդյունքները։ Ըստ Ynet պարբերականի՝ վարչապետը պետք է Երուսաղեմում կուսակցության կենտրոնակայան ժամանի գիշերվա ժամը մեկի սահմաններում։