Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում իր դաշինքը վճռորոշ մեծամասնություն ունի «սիոնիստական հանրության և պետությանը սատարող բոլոր մարդկանց շրջանում», սակայն կոչ է արել սպասել վերջնական արդյունքներին։

«Աջակողմյան դաշինքն ակնհայտ, վճռորոշ մեծամասնություն ունի սիոնիստական հանրության (...) և պետությանը սատարող բոլոր մարդկանց շրջանում», - ասել է Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Երուսաղեմում իր «Լիկուդ» կուսակցության նախընտրական շտաբում։

Նրա խոսքով՝ «մեզ անհրաժեշտ է աջակողմյան, ազգային, ուժեղ կառավարություն»։

Նրա կարծիքով՝ անընդունելի է «վտանգի ենթարկել Իսրայելը և ստեղծել հակասիոնիստական արաբական կուսակցությունների վրա հենվող կառավարություն»։

Սակայն, հավելել է նա, «մենք դեռ սպասում ենք իրական արդյունքներին»։

Նեթանյահուն հայտարարել է, որ իր օրոք «Իրանն ավելի թույլ է, քան երբևէ, իսկ Իսրայելը՝ ավելի ուժեղ, քան երբևէ»։

«Իսրայելի առջև կյանքում մեկ անգամ ընձեռվող պատմական հնարավորություն է բացվել՝ մեր բարեկամ նախագահ Թրամփի հետ միասին մեկընդմիշտ վերացնելու իրանական սպառնալիքը։ Մենք կարողացել ենք հաղթել մեր թշնամիներին և կկարողանանք դա անել նաև ապագայում», - ասել է Իսրայելի վարչապետը։