Ամերիկացի զինվորականներն ավիահարված են հասցրել մի նավի, որը, հետախուզության տվյալներով, թմրանյութ էր տեղափոխում Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում, հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM)։
«Օպերատիվ խումբը հարված է հասցրել արագընթաց նավի, որը շարժվում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղով։ Հետախուզական հաստատված տվյալների համաձայն՝ նավն ակտիվորեն ներգրավված էր թմրանյութերի առևտրում։ Գործողության ընթացքում ոչնչացվել է հինգ թմրաահաբեկիչ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Անցյալ տարվա սեպտեմբերից ԱՄՆ զինվորականները 72 ավիահարված են հասցրել Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում թմրավաճառներին պատկանող ենթադրյալ նավերին, որոնցով, ամերիկյան հետախուզության պնդմամբ, թմրանյութ էր տեղափոխվում։ Հարվածների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 218 մարդ։
Ինչպես նման դեպքերի մեծ մասում, զինվորականները չեն ներկայացրել ապացույցներ, որ նավը թմրանյութ էր տեղափոխում։ Հրամանատարության՝ X սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է զինամթերքը խոցում փոքր նավը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը Լատինական Ամերիկայի կարտելների հետ «զինված հակամարտության» մեջ է, և հարձակումներն արդարացրել էր որպես անհրաժեշտ սրացում՝ դեպի Միացյալ Նահանգներ թմրանյութերի հոսքը կասեցնելու և ամերիկացիների կյանքը խլող մահացու գերդոզավորումները կանխելու համար։
Ամերիկյան իշխանությունները «թմրաահաբեկիչների» ոչնչացման մասին հայտարարությունները հիմնավորող ապացույցներ չեն ներկայացրել։




























