Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 26-ին, ընդունել է Ֆրանսիայի սենատորներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին եւ Բերնար Ֆուրնիեին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի անկախացումից հետո վերընթաց զարգացում ապրող հայ-ֆրանսիական հարաբերություններին: Նրանց գնահատմամբ, առանձնաշնորհյալ այդ հարաբերությունները հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն վկայությունն են: Երկկողմ կապերի ամրապնդման գործում, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունի Ֆրանսիայի հայ համայնքը:
Նախագահը ողջունել եւ բարձր է գնահատել Ֆրանսիայի սենատորների այցը Արցախ: Հանրապետության ղեկավարի համոզմամբ, արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման կարեւորագույն նախապայմաններից է միջազգային հանրության անաչառ եւ համակողմանի տեղեկացվածությունը հիմնախնդրին:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ խորհրդարանական մակարդակով բազմաթիվ այցելությունները նպաստում են միջազգային հանրության շրջանում այն պատկերացումների ամրապնդմանը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի հանրապետության ժողովուրդն էլ, աշխարհի մյուս ժողովուրդների նման իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու, սեփական երկրում ազատ եւ անվտանգ ապրելու:
Սենատորները Սերժ Սարգսյանին ներկայացրել են հայաստանյան հանդիպումների եւ Արցախ կատարած իրենց այցի տպավորությունները: Նրանք նշել են, որ այցը Արցախ բավականաչափ օգտակար է եղել. այժմ իրենք մանրամասնորեն տիրապետում են ԼՂ հակամարտության պատմությանը եւ հետեւելով կարգավորման բանակցային գործընթացին, ողջունում են Հայաստանի կառուցողական մոտեցումը:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնախնդրի լուծման ձեւաչափում ընդգրկված Ֆրանսիայի ջանքերը բանակցային գործընթացում:





























