ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) վաշտերի հրամանատարներից պահանջել է մշտական և ինտենսիվ զորավարժությունների միջոցով ապահովել ստորաբաժանումների լիակատար մարտական պատրաստվածությունը։ Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
«Ընկեր Կիմ Չեն Ընը նշել է, որ վաշտերի հրամանատարների առաջնահերթ հեղափոխական խնդիրը ստորաբաժանման՝ պատերազմին լիակատար պատրաստվածության կատարելագործումն է, իսկ դրա գործնական միջոցը շարունակական և ինտենսիվ զորավարժություններն են», — ասվում է գործակալության հրապարակման մեջ։
ԿԺԴՀ առաջնորդի խոսքով՝ հրամանատարները պետք է ձևավորեն բարձր մարտունակությամբ, հեղափոխական ամուր համոզմունքներով և հայրենասիրական ոգով ստորաբաժանումներ։ Կիմ Չեն Ընը նաև նշել է, որ բանակի հզորությունը պայմանավորված է ոչ միայն ժամանակակից սպառազինությամբ, այլև անձնակազմի պատրաստվածությամբ և առանձին ստորաբաժանումների մարտական կարողություններով։
ԿԺԲ վաշտերի հրամանատարների III հավաքի մասնակիցների հետ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԺԴՀ պաշտպանության նախարար Կիմ Սոն Գին, ԿԺԲ գլխավոր շտաբի պետ Լի Յոն Գիրը, ԿԺԲ գլխավոր քաղաքական վարչության պետի առաջին տեղակալ Յու Գվան Ուն, զորատեսակների հրամանատարներն ու խոշոր զորամիավորումների հրամանատարները։





























