ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփն առաջարկել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին պարաշյուտով իջեցնել Կուբա՝ «խնդիրը լուծելու» նպատակով։
«Իրանի հետ հարցերն ավարտելուց հետո, հետդարձի ճանապարհին գուցե Մարկոյին իջեցնենք Կուբա։ Մենք նրան այնտեղ պարաշյուտով կուղարկենք։ Կիջեցնենք հենց Կուբայի կենտրոնում, և նա երկու րոպեում կլուծի այդ խնդիրը»,- Տեխաս նահանգում Հանրապետական կուսակցության համակիրների առջև ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Թրամփը։ «Կուբան, ինչպես և մնացյալ ամեն ինչ, շարժվում է մեր ուղղությամբ, քանի որ մեր երկրին կրկին հարգում են»,- հավելել է Թրամփը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի կղզային պետության այդ «շարժման» տակ։ ԱՄՆ պետքարտուղարը, որը նաև նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականն է, ուղեկցում էր ԱՄՆ նախագահին Տեխաս կատարած այցի ընթացքում։
Սեպտեմբերի վերջին CBS News հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ ցամաքային զորքերի ներքին մի փաստաթուղթ, հայտնել էր, որ ամերիկյան զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Կուբայում հնարավոր ռազմական գործողություններին։ Իսկ օգոստոսին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Կուբայի նկատմամբ հետագա քայլերի բոլոր տարբերակները, այդ թվում՝ ռազմական գործողությունները։





























