Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում քաղաքացին հավանաբար ինքնասպանություն է գործել, հաղորդում է Shamshyan.com—ը։

Օպերատիվորեն նշված հասցե է մեկնել փրկարարների 1 մարտական հաշվարկ։ Որոնողական աշխատանքներին միացել են նաև ոստիկանները։

Փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները Սպիտակ քաղաքի Շվեյցարական թաղամասի փողոցներից մեկում հայտնաբերել են Կարապետ Գ․-ին՝ առանց իր ավտոմեքենայի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել են, որ նրա առողջական վիճակին վտանգ չի սպառնում։

Ավելի ուշ տղամարդու ավտոմեքենան հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում։

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։