Իրանի դեմ ռազմական գործողությունների համար ԱՄՆ-ի կատարած ծախսերը հասել են 47,1 մլրդ դոլարի, հայտնում է «The New York Times» պարբերականը՝ վկայակոչելով Պենտագոնի կողմից ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված նոր զեկույցը։

ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ հոկտեմբերի 16-ի դրությամբ առկա տվյալների համաձայն, այդ գումարի ավելի քան 60%-ը բաժին է ընկել սպառված ավիառումբերին, հրթիռներին և այլ զինամթերքին։ Պենտագոնի նախորդ զեկույցից ի վեր անցած շուրջ վեց շաբաթվա ընթացքում գերատեսչության լրացուցիչ ծախսերն ավելացել են 3,5 մլրդ դոլարով։

Մասնավորապես, ԱՄՆ ռազմաօդային ուժերը 7,6 մլրդ դոլար են ծախսել կործանիչների և ռմբակոծիչների տասնյակ էսկադրիլիաների գործունեությունն ապահովելու վրա։ Ամերիկյան ռազմածովային ուժերը 1,5 մլրդ դոլար են հատկացրել Իրանի մերձակայքում ավելի քան քսան ռազմանավի, այդ թվում՝ մի քանի ավիակիրների տեղակայմանը, իսկ ցամաքային զորքերը 2,1 մլրդ դոլար են ծախսել տարածաշրջանում իրենց զորակազմի կենսագործունեության պահպանման համար։

Փետրվարի 28-ին պատերազմի մեկնարկից ի վեր ամերիկացի զինվորականները սպառել են 29 մլրդ դոլարի զինամթերք։ Սա հանգեցրել է սպառազինության մի շարք կենսական նշանակության տեսակների, մասնավորապես՝ «Patriot» համալիրների զենիթային կառավարվող հրթիռների պաշարների հյուծմանը, ինչպես նաև պահանջել է ռեսուրսների տեղափոխում Ասիայում և Եվրոպայում ԱՄՆ ռազմական հրամանատարությունների պատասխանատվության գոտիներից։

Պենտագոնը 6,1 մլրդ դոլար է ծախսել վնասված կամ ոչնչացված տասնյակ մարտական ինքնաթիռների, ինչպես նաև այլ սպառազինության ու տեխնիկայի փոխարինման համար։ Եվս 645 մլն դոլար է ուղղվել տարածաշրջանում հատուկ նշանակության ուժերի մի քանի հազար զինծառայողի տեղափոխմանն ու գործունեության ապահովմանը։

Բացի այդ, Պենտագոնի փաստաթղթերում արտացոլված են նաև բյուջեի մի շարք այլ կարևոր հոդվածներով կատարված ծախսերը։ Կոնգրեսի ներկայացուցչի խոսքով՝ ռազմական գերատեսչությունը 24,5 մլն դոլար է ծախսել ամերիկացի զինծառայողների բուժսպասարկման վրա, ԱՄՆ ռազմատրանսպորտային հրամանատարությունը 92,2 մլն դոլար է հատկացրել նյութատեխնիկական ապահովմանն ու տեխնիկայի տեղափոխմանը, իսկ Կիբեռհրամանատարությունը՝ 14 մլն դոլար՝ «կիբեռաջակցության գործողություններին»։

Կոնգրեսի ներկայացուցիչները նշել են, որ գերատեսչության ներկայացրած թվերն ամենայն հավանականությամբ նվազեցված են։ Մասնավորապես, Պենտագոնում խոստովանել են, որ այս հաշվարկներում ներառված չեն վառելիքի և այլ կարիքների համար նախատեսված 1,5 մլրդ դոլարի ծախսերը. միջոցներ, որոնք Թրամփի վարչակազմը պահանջել էր ռազմական գործողությունների լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում։

Կոնգրես ուղարկված զեկույցում չեն ներառվել նաև իրանական հարձակումների հետևանքով վնասված կամ ոչնչացված ամերիկյան ռազմական օբյեկտների, այդ թվում՝ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում գտնվող ռազմածովային բազայի վերականգնման ծախսերը։ Պենտագոնը հասկացրել է, որ այդ օբյեկտները կարող են փակվել կամ ենթակա չլինել վերականգնման։ Օրենսդիրների գնահատմամբ՝ եթե զինվորականները կամ հյուրընկալող երկրներն այնուամենայնիվ որոշեն վերականգնել դրանք, վերջնական գումարը կարող է հասնել տասնյակ միլիարդավոր դոլարների։

Ինչպես նշում է պարբերականը, Կոնգրեսին ներկայացված Պենտագոնի ծախսերի ոչ գաղտնի գնահատականները թույլ են տալիս պատկերացում կազմել հակամարտության ֆինանսական կողմի մասին. մի թեմա, որը պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն ու նրա մերձավոր օգնականները հիմնականում գերադասում էին չբարձրաձայնել։

Ներկայումս Պենտագոնի ղեկավարը և նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջում են մինչև 70 մլրդ դոլար՝ որպես հրատապ ռազմական ծախսեր՝ Իրանի հետ հակամարտության հետ կապված ծախսերը հոգալու, ինչպես նաև նոր սպառազինություն ձեռք բերելու և անձնակազմի կարիքներն ապահովելու համար։