Հայաստանի պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը գրանցվել է այս տարի։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Առավել ակնառու դարձնելու համար նա օրինակ է բերել. «Եկեք պատկերացնենք, որ Հայաստանը մի շատ մեծ ընտանիք է։ Այս ընտանիքն անցյալ տարի որոշակի ապրանք վաճառելով վաստակել է 100 հազար դրամ։ Այս տարի այն վաստակել է 92 հազար դրամ։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանից արտահանումը կրճատվել է շուրջ 8%-ով»։

Կարապետյանը քննադատել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի պարզաբանումները, որը փորձել էր ամեն ինչ հիմնավորել վերաարտահանման նվազեցմամբ։ Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը զգալիորեն ավելի շատ ներմուծում է, քան արտահանում։

«Եվ սա այն դեպքում, երբ մենք արձանագրում ենք 4,5-5% գնաճ։ Ի դեպ, խոսքը գնաճի միջին ցուցանիշի մասին է։ Այսինքն՝ մեզ մոտ կարող է լինել ապրանք, որը թանկացել է, ասենք, 20%-ով»,- պարզաբանել է խորհրդարանական խմբակցության ղեկավարը։

Նա կոչ է արել օրինակ չվերցնել խորհրդային անցյալից, երբ ասում էին, թե Հայաստանը հանգիստ կարող է ապրել միայն «Ջերմուկ» հանքային ջուր վաճառելով։

«Չենք ապրի։ Մեզ անհրաժեշտ են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր նոր արտադրական ձեռնարկություններ և ընդհանուր առմամբ տնտեսական մոդելի փոփոխություն»,- եզրափակել է ընդդիմադիր պատգամավորը։