Մեծ Բրիտանիայում զուգարանի թղթի վաճառքը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ իշխանությունները քաղաքացիներին հորդորել են պատրաստվել վճարային համակարգերի հնարավոր խափանումներին և արտակարգ իրավիճակների համար պաշարներ կուտակել: Այս մասին հայտնում է «Telegraph» պարբերականը։

Հոկտեմբերի 22-ին Բրիտանիայի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել հնարավոր կիբեռհարձակումների պատճառով պատրաստվել վճարային համակարգերի և մատակարարման շղթաների խափանումներին։ Կառավարությունը հրատարակել է հատուկ գրքույկ, որում բրիտանացիներին հորդորել է պահուստավորել կանխիկ գումար, չփչացող մթերք, ջուր, մարտկոցներ և վերմակներ։

«Զուգարանի թղթի վաճառքը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ կառավարությունը տնային տնտեսություններին հորդորեց անհրաժեշտ ապրանքների պաշարներ հավաքել և արտակարգ իրավիճակների համար նախատեսված «Եղի՛ր պատրաստ» հավաքածու ունենալ»,- նշվում է հոդվածում։

Ինչպես պարբերականին հայտնել են զուգարանի թուղթ արտադրողներն ու սուպերմարկետների ցանցերը, գրքույկի հրապարակմանը հաջորդած օրերին վաճառքի ծավալներն աճել են 19-43%-ով։ Իսկ «Amazon» առցանց խանութում 20 ամենապահանջված ապրանքներից երեքը տարբեր ապրանքանիշերի զուգարանի թղթեր են։

Բրիտանական խանութներից էլ լրատվամիջոցին հայտնել են, որ գրքույկում նշված ցանկի մյուս ապրանքների պահանջարկը նույնպես կտրուկ մեծացել է։ Մասնավորապես, աճել է պահածոյացված լոբու, ռադիոընդունիչների և մարտկոցների վաճառքը։ Ըստ «Telegraph»-ի՝ լապտերների և առաջին բուժօգնության արկղիկների վաճառքն ավելացել է չորս անգամ, իսկ գեներատորներինը՝ 172%-ով։