ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումն այժմ կախված է Հայաստանից։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Երևանում սլովենացի գործընկեր Տոմ Կայզերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարն արձանագրել է, որ մինչ օրս գործընթացը բավականին արագ տեմպերով է ընթացել։ Այժմ այն փուլն է, երբ հետագա առաջընթացը կախված է հենց Հայաստանից։ Նրա խոսքով՝ եթե խոսենք կոնկրետ ժամկետների մասին, ապա հասարակությանը պետք է բացատրել, որ առաջընթացը կախված է օրենսդրական բարեփոխումներից և տեխնիկական գործընթացներից։

Հարցին, թե կարո՞ղ են արդյոք գործընթացի վրա ազդել բուն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, օրինակ՝ ԵԽԽՎ զեկույցում արտացոլված ընտրական խախտումները, Միրզոյանը պատասխանել է, որ նշված զեկույցի վերջնական եզրակացությունը փաստում է, որ ընտրությունները համապատասխանում են եվրոպական բարձր չափանիշներին, իսկ հիշատակված խախտումները ոչ այլ ինչ են, քան իրավապահ մարմինների արձագանքն ընտրողներին կաշառելու փորձերին։ Նախարարի կարծիքով՝ որպես իրավական պետություն՝ Հայաստանի պարտականությունն է գործել այդ ուղղությամբ, և «մենք ուրախ ենք», որ իրավապահներն այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։