Երկօրյա  այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինին, Սոֆի Ժուասենն ու Բեռնար Ֆուրնիեն մայիսի 26-ին այցելելով Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սենատորները եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարեցին «Պատվո հյուրերի» հուշամատյանում։ 

Ֆիլիպ Մարինին գրառել է. «Ես այստեղ տեսա ցավ, կորուստ ու կոտորածներ, որոնց մասին պատմում են փաստաթղթերն ու վավերագրերը։ Մինչդեռ այսօր կան մարդիկ, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, որի արհավիրքներից ծնվեցին երկրորդ աշխարհամարտի արհավիրքները»։

Դատապարտելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպողներին` Ֆիլիպ Մարինին նշել է. «Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը՝ եւ նախկին նախագահ Սարկոզիի, եւ նորընտիր նախագահ Օլանդի կողմնակիցները, հաշվի առնելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման մեջ ամրագրված նախկին օրինագծի վերաբերյալ առարկությունները, երբ ձեւավորվի Ֆրանսիայի նոր խորհրդարանը՝ կներկայացնեն նոր օրինագիծ, որն իրավական տեսակետից պետք է անառարկելի լինի։ Հիմնական նպատակն է օրենսդրորեն պատժել այն մարդկանց, ովքեր Ֆրանսիայի տարածքում կժխտեն Հայոց ցեղասպանությունը»։