Ես ձեզ բոլորիդ հրավիրում եմ Գյումրի, կարող ենք Երևանից սկսել մեր ճանապարհը, բոլոր համայնքները մտնելով, հետո կգնանք Գյումրի, կտեսնեք, որ Հայաստանի ամենածայրամասային գյուղից վատ վիճակում է գտնվում Գյումրին, այո, կա կառավարման ճգնաժամ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը։

«Մարդիկ չեն կարողանում իրականացնել իրենց պարտականությունները։ Ճգնաժամը հաղթահարելու համար և գյումրեցիների հանդեպ հարգանք ցուցաբերելու պարագայում, գյումրեցիների քաղաքը սիրելու պարագայում, ես կարծում եմ ներկայիս ստեղծված արհեստական իշխանությունը պետք է իր լիազորությունները վայր դնի և գնանք նոր արտահերթ ընտրությունների, որպեսզի Գյումրին նույնպես զարգանա, որպեսզի Գյումրու երեխաները դպրոց և մանկապարտեզ հաճախելուց ցեխերի, ջրափոսերի միջով չհաղթահարել:

Երեկ մեր քաղաքացիներից մեկը տեսանյութ էր ուղարկել, թե ինչպես է շների ոհմակը հարձակվում է 20-ամյա երիտասարդի վրա, վնասվածքները նկարներով, տեսանյութով ունեմ։ Արդեն տարի ու կես Գյումրու ներկայիս իշխանությունները այս ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել։ Սա արդեն անվտանգային խնդիր է, կարծում եմ նաև մեր իրավապահ համակարգը պետք է քայլեր ձեռնարկի, որովհետև համայնքի ղեկավարը կամ համայնքի կառավարումը իրենց ձեռքը վերցրած պաշտոնակատարները, նաև նրանց հովանավորյալները պարտավորություն ունեն և պատասխանատվության պիտի ենթարկվեն։ Կարծում եմ գործուն քայլեր կլինեն, և եթե իրենք սիրում են գյուղեցիներին, սիրում են իրենց քաղաքը, հարգում են մեր քաղաքի բնակիչների իրավունքները, պետք է հրաժարական տան։ Սա նաև արժանապատիվ կլինի և ես կգնահատեմ արժանապատվից քայլ»,–ասաց Սարիկ Մինասյանը։