Դեռ հայտնի չէ՝ Հայաստանում արտահերթ ընտրություններ կանցկացվե՞ն, թե՞ ոչ․ դա ընդամենը հնարավոր սցենարներից մեկն է։ Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը։

«Չեմ կարծում, թե ընդդիմությունը դեմ կլինի, որ ժողովուրդն իր կամքն արտահայտի Սահմանադրության վերաբերյալ», - հայտարարել է նա։

Ալեքսանյանի խոսքով՝ Հայաստանի վարչապետն անձամբ է նշել, որ պետականամետ ընդդիմության ձևավորման ճանապարհին պետք է զգույշ լինել։

«Մեր կողմից նման ընդդիմություն ձևավորելու գաղափարը շատ վատն է, քանի որ իշխանության կողմից ընդդիմություն ստեղծելը քաղաքական համակարգի ամենավատ երևույթն է»,– նշել է Ալեքսանյանը։

Նա վստահեցրել է, որ իշխանություններին «գրպանային» ընդդիմություն պետք չէ։ Ալեքսանյանի համոզմամբ՝ իշխող ուժն այդ ուղղությամբ ակտիվ ջանքեր չպետք է գործադրի՝ բացի նոր ընդդիմություն ձևավորելու կոչերից։

«Ինձ թվում է, որ արտահերթ ընտրությունների հարցը կարող է քննարկվել խորհրդարանում նոր Սահմանադրության նախագծի քվեարկությունից հետո՝ կախված նրանից, թե ով ինչպես կքվեարկի», — հավելել է փոխխոսնակը։

«Իմ կարծիքով, եթե նույնիսկ մենք հաջորդ ընտրությունների արդյունքներով սահմանադրական մեծամասնություն չձևավորենք, ներկայիս ընդդիմությունը կամ ընդհանրապես չի լինի, կամ ներկայացված կլինի նվազագույն քանակով։ Ներկայիս ընդդիմությունն այսօրվա կազմով այլևս երբեք խորհրդարանում ներկայացված չի լինի»,- վստահություն է հայտնել նա։

«Մի՞թե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կարող էր հաղթահարել 4%-ի շեմը, եթե փող չբաժաներ։ Իհարկե ո՛չ»,- հավելել է Ալեքսանյանը։

Նա ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրել է նաև «Հայաստան» դաշինքին։

«Եթե հանենք փողի և Ռուսաստանից բռնի ուժով բերված մարդկանց գործոնը, ապա ամեն ինչ պարզ կդառնա։ Թող իրենք մտածեն, թե ինչ են իրենցից ներկայացնում, որ ստիպված են լինում ձայների համար փող բաժանել»,- ընդգծել է փոխխոսնակը։

Ալեքսանյանը վստահեցրել է, որ իշխանությունները դրսի տերեր չունեն։ «Մեր տերերը միայն Հայաստանի քաղաքացիներն են և Աստված»,- նշել է նա։