Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցում այդ երկրի քաղաքական ուժերի մեջ հակասություններ չկան: Այս մասին Երեւանում, այսօր` մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշել են Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամները, հավելելով, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը եւս հետամուտ կլինի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի ընդունմանը:
Ֆրանսիացի սենատոր Բեռնար Ֆուրնիեն վստահեցրել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նոր տեքստը շուտով կհայտնվի Ֆրանսիայի խորհրդարանում:
«Մենք Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին սատարող «Ժողովրդական շարժում միության» անդամներ ենք եւ մեծ հետաքրքրությամբ իմացանք Ֆրանսուա Օլանդի նպատակի մասին: Մենք շատ ուրախ կլինենք, որ Ֆրանսիայում կոնսենսիուս ստեղծվի այս հարցի վերաբերյալ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական էր ճանաչել: Սարկոզին խոստացել էր նոր օրինագիծ ներկայացնել:
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւս նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ կներկայացնի երկրի խորհրդարանին:




























