TRIPP նախագծի լայնության մասին խոսելն անհնար է, քանի որ մենք խոսում ենք 5–6 ենթակառուցվածքների կոնցեսիոն կառավարման իրավունքի մասին, այդ թվում՝ ապագայում գազատարների և նավթատարների, և դրանց տեղակայումը շատ տարբեր է լինելու։ Այս մասին խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա պարզաբանեց, որ TRIPP-ի շրջանակում երկաթուղին անցնելու է այն երկաթուղու ուղեգծով, որը խորհրդային տարիներին գոյություն ուներ Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև, և այն լինելու է միագիծ։

Նրա խոսքով՝ երկարությունը կազմում է շուրջ 42 կիլոմետր, և այդ հատվածում մասնավոր հողատարածքներ չկան։

Գրիգորյանը հավելեց, որ ավտոճանապարհի մասով մանրամասները վերջնական չեն։ «Այն պետք է ունենա տարածաշրջանային նշանակության ճանապարհին համապատասխան չափորոշիչներ, քանի որ հակառակ դեպքում մրցունակ չի լինի»։

Նա նշեց, որ էլեկտրահաղորդման գծերի մասով հնարավորությունները շատ են։

Գրիգորյանն ընդգծեց, որ դրանց վերաբերյալ հաշվարկները շուտով կավարտվեն, արդյունքները սխեմատիկորեն կներկայացվեն, և կսկսվեն նախագծային աշխատանքները։