Անցած հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմադիր երկու խմբակցությունների մեր գործընկերների խոսույթը, երբ խոսում էին ադրբեջանցի զինծառայողի կատարած հանցագործության մասին, ոչ թե թիրախավորում էին հանցագործին, այլ մեր բանակը, մեր պետությունը, մեր զինված ուժերը, սահմանապահ ծառայությունը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը։

Նա դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Չեք կարծում, որ այն մարդիկ, քաղաքական գործիչները, հասարակական գործիչները, որոնք կթիրախավորեն մեր պետականությունը, մեր զինված ուժերը նվաստացնող հայտարարություններով, խոսույթներով հանդես կգան, պետք է վարչական, այդ թվում նաև քրեական պատասխանատվության ենթարկվեն, նման օրենքներ գործում են տարբեր երկրներում, այդ թվում նաև մեր բարեկամ Ռուսաստանում»։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իհարկե, էմոցիաները հասկանում եմ, բայց այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ մենք շատ զգույշ պետք է լինենք նման նախաձեռնությունների մասին խոսելիս, որովհետև դա կարող է էականորեն վնասել ժողովրդավարությանը, որը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն։

Նաև պետք է արձանագրենք, որ շատ կարևոր է, որ զինված ուժերը լինեն քաղաքացիական վերահսկողության ներքո։ Ընդհանրապես այդ բանը մեր երկրում եղել է, որ դե բանակի մասին եկեք չխոսանք, բանակի մասին չի կարելի խոսել, վերջում տեսել ենք դա ինչի է բերել։

Այսինքն մենք ձևավորել ենք ծխածածկույթ, բայց իրականում այդ ծխածածկույթի տակ բոլորովին ուրիշ բան է եղել։ Այո, մարդիկ իրենց ասածի համար պետք է պատասխան տան, բայց ընտրություններում։ Ես կարծում եմ, որ ձեր նշած ընդդիմությունը, օրինակ, ՏԻՄ ընտրություններում պատասխան տվել է արդեն դրա համար։ Հիմա իրենք պիտի որոշեն, իրենք շարունակում են այդ նույն ճանապարհը, թե՞ չեն շարունակում։ Եթե իրենք որոշեն, որ շարունակում են, դա մեզ համար լավ սցենար է»։

Փաշինյանի խոսքով, ընդդիմադիրները ի սկզբանե խնդիր էին դրել թիրախավորել Հայաստանի բանակը, դրա համար ի սկզբանե դիվերսիայի վարկածի վրա էին հենվում։