ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից  մայիսի 24-ին հրապարակված  զեկույցի կոնտեքստում մարդու իրավունքների  իրավիճակը Հայաստանում կդառնա  Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի  այցի ընթացքում  քննարկվելիք թեմաներից մեկը: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  հայտարարեց  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Ինչպես եւ նախորդ տարիներին,  զեկույցում  ասվում է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված բացթողումների եւ խնդիրների մասին: Այս տարի Հայաստանն արդեն անցել է թեստը ընտրություններով: Դա բաց թողնված հնարավորություն էր, ընտրություւները կարող էին եւ պետք է անցնեին  շատ ավելի լավ»,-  ընդգծեց Կիրակոսյանը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը  գտնում է, որ այցի ընթացքում Քլինթոնը անպայման  մատնացույց կանի  բարեփոխումների խորացման անհրաժեշտությունը:  «Այցի ժամկետները հետաքրքիր են նրանով, որ մենք արդեն կունենանք նոր խորհրդարան եւ պարզ կլինի, թե ինչպիսին կլինի նոր կոալիցիան»,-ավելացրեց նա:

Կիրակոսյանի խոսքերով,  մարդու իրավունքների թեման, անտարակույս, կքննարկվի նաեւ Բաքվում, հատկապես այն ֆոնի վրա, թե ինչպես Ադրբեջանը խայտառակվեց`Եվրատեսիլի նախաշեմին ցուցարարներն ձերբակալելով:

«Ինձ թվում է, այցը Ադրբեջան պայմանավորված է առաջիկա ընտրություններով, ինչպես նաեւ այն փաստով, որ հենց այդ երկիրն է ներկայացնում իրենից տարածաշրջանում կայունության եւ անվտանգության միակ խոչընդոտը: Այցը Բաքու յուրովի հաղորդագրություն  է այն մասին, որ չի կարելի սպառնալ պատերազմով եւ անհրաժեշտ է կատարելագործվել»,- ասաց նա:

Հիշեցնենք, Հայաստանում մարդու իրավունքների պահպանման մասին ամենամյա զեկույցում Պետդեպարտամենտը մատնացույց է արել մարդու իրավունքների հետ կապված խնդիրները. քաղաքացիների` իրենց կառավարության փոփոխության իրավունքի սահմանափակում, խոսքի եւ մամուլի ազատություն, ինչպես նաեւ դատական իշխանության  անկախություն: