Գերմանիան կընդլայնի ռազմավարական նշանակության ձեռնարկությունների աշխատակիցների ստուգումները՝ ծայրահեղականների և օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից դիվերսիաների ու լրտեսության վտանգը նվազեցնելու համար, հաղորդում է  Handelsblatt-ը։

Համապատասխան որոշումը հավանության է արժանացրել երկրի կառավարությունը։ Նոր կանոնները կվերաբերեն, մասնավորապես, էներգետիկ օբյեկտներին, ջրամատակարարմանը և բնակչության ազդարարման ենթակառուցվածքներին։

Բարեփոխումն ուղղված է կրիտիկական ենթակառուցվածքները, այսպես կոչված, ներքին սպառնալիքներից պաշտպանելուն՝ դիվերսիաներից, որոնք կարող են իրականացնել կարևոր օբյեկտներ մուտք գործելու իրավունք ունեցող անձինք։ Իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում Ռուսաստանին առնչվող սպառնալիքներին։ Գերմանական հատուկ ծառայությունների տվյալներով՝ հիբրիդային հարձակումների, դրանց թվում՝ սաբոտաժի և լրտեսության վտանգն աճել է 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո։

«Հիբրիդային սպառնալիքներն իրական վտանգ են ներկայացնում Գերմանիայի անվտանգության համար»,- հայտարարել է ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է լրացուցիչ ամրապնդել կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը։

Ստուգումները կտարածվեն այն օբյեկտների օպերատորների վրա, որոնք կարող են վերականգնել էլեկտրացանցի աշխատանքը լիակատար անջատումից հետո, ինչպես նաև ավելի քան երեք գիգավատ հզորությամբ թվային էներգետիկ համակարգերի, տարեկան առնվազն 22 միլիոն խորանարդ մետր խմելու ջուր մատակարարող խոշոր ջրմուղների, խոշոր ջրամբարների կարգավարական կենտրոնների և գազային ցանցին միացված հեղուկացված բնական գազի տերմինալների օպերատորների վրա։

Առանձին միջոցառումներ կվերաբերեն MoWaS դաշնային ազդարարման համակարգին։ Կստուգվեն նաև արտակարգ հաղորդագրությունների փոխանցմանը մասնակցող տարածաշրջանային հանրային հեռարձակողների տեխնիկական աշխատակիցները՝ պատերազմի, ջրհեղեղների և այլ արտակարգ իրավիճակների սպառնալիքի դեպքում բնակչության ազդարարմանը միջամտելու հնարավորությունը բացառելու համար։

Նախատեսված է ստուգումների երեք մակարդակ՝ անձնական փաստաթղթերի, գրանցամատյանների և համացանցում առկա բաց տվյալների ուսումնասիրությունից մինչև խորացված քննություն՝ ստուգվող անձի և նրա շրջապատի մարդկանց հարցումներով։ Ստուգման ծավալը կախված կլինի պաշտոնի զգայունության աստիճանից և այն տեղեկությունների գաղտնիության մակարդակից, որոնց հասանելիություն է ստանում աշխատակիցը։ Ստուգումն անցկացվում է անձի համաձայնությամբ։