Իրանի դեմ պատերազմի համար ԱՄՆ-ի ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը՝ ավելի քան մեկ քառորդով գերազանցելով հուլիսին Պենտագոնի հնչեցրած գնահատականը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմական գերատեսչության տվյալներին, որոնց ծանոթացել է գործակալությունը։ Պենտագոնի նոր գնահատականը հրապարակված չէ։
Ընդհանուր գումարից ավելի քան 29 միլիարդ դոլար կպահանջվի մարտական գործողությունների ընթացքում սպառված զինամթերքի պաշարները համալրելու համար։ Եվս ավելի քան 6 միլիարդ դոլար նախատեսված է կորցրած ռազմական տեխնիկան, դրանց թվում՝ ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը փոխարինելու համար։ Միաժամանակ, Reuters-ի տվյալներով, հաշվարկներում ամբողջությամբ ներառված չեն իրանական հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներից վնասված ամերիկյան ռազմակայանների վերանորոգման զգալի ծախսերը։
Պատերազմի ծախսերն աճում են ԱՄՆ Կոնգրեսի մոտեցող միջանկյալ ընտրությունների ֆոնին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին։ Հանրապետականները, որոնք երկու պալատներում էլ պահպանում են փոքր մեծամասնությունը, բախվում են ժողովրդականություն չվայելող հակամարտության քաղաքական հետևանքներին։ Էներգակիրների համաշխարհային գների աճը ևս բացասաբար է ազդում հանրապետական թեկնածուների աջակցության և նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշի վրա։
Թրամփը պատերազմը սկսել է փետրվարին՝ Իսրայելի հետ համատեղ՝ հակամարտության համեմատաբար արագ ավարտ ակնկալելով։ Սկզբում ամերիկյան զինված ուժերը թանկարժեք գերճշգրիտ հրթիռներ էին օգտագործում Իրանի պաշտպանական համակարգը ճնշելու համար՝ ծրագրելով այնուհետև անցնել ավելի էժան զինամթերքի օգտագործմանը։
Սակայն ապրիլին ձեռք բերված հրադադարը Իրանին հնարավորություն տվեց վերականգնել մուտքը դեպի ստորգետնյա պահեստներ, որտեղ պահվում էին հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ ռազմական միջոցներ։ Հետագայում Թրամփը ծովային շրջափակում սահմանեց Իրանի նկատմամբ և չբացառեց միջանկյալ ընտրություններից հետո ռազմական գործողության վերսկսումը։ Reuters-ի տեղեկություններով՝ ամերիկյան զինված ուժերը պատրաստվում են նախագահի հրամանով լայնածավալ մարտական գործողությունների հնարավոր վերսկսմանը։
Պենտագոնը ծախսերի նոր գնահատականի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու Reuters-ի հարցմանը չի պատասխանել։





























